Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեցին Հոլանդիան ու Ճապոնիան

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության եզրափակիչ փուլի չորրորդ օրը պայքարի մեջ մտան 5-րդ խմբի թիմերը:

Նախ հանդիպեցին Հոլանդիայի եւ Դանիայի հավաքականները: Առաջին խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից 2 րոպե անց դանիացիների պաշտպան Քրիստիան Պոուլսենը անզգուշորեն գրավեց սեփական դարպասը: Խաղի 85-րդ րոպեին հոլանդացիների կիսապաշտպան Դիրկ Կույտը կրկնապատկեց հաշիվը եւ վերջնականապես վճռեց հանդիպման ելքը` 2:0:

Խմբի երկրորդ խաղում մրցեցին Կամերունի եւ Ճապոնիայի ընտրանիները: Աֆրիկա-ասիական հակամարտությունն ավարտվեց «դեղին աշխարհամասի» ֆուտբոլիստների հաղթանակով: Հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Մոսկվայի ԲԿՄԱ-ում հանդես եկող ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան:

Այսօր կեսգիշերից 30 րոպե առաջ տեղի կունենա 6-րդ խմբի առաջին հանդիպումը: Գործող չեմպիոն Իտալիայի հավաքականն իր տիտղոսի պաշտպանությունը կսկսի Պարագվայի ազգային թիմի հետ հանդիպումով: