Խաղաղ սկիզբ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության եզրափակիչ փուլը:
Բացման խաղում դաշտի տերերի հավաքականը հյուրընկալեց Մեքսիկայի ընտրանուն: Առաջնության առաջին գոլը 54-րդ րոպեին խփեց ՀԱՀ հավաքականի կիսապաշտպան Սիֆիլե Շաբալավան: Սակայն այն վճռորոշ չդարձավ, քանի որ խաղավարտից 11 րոպե առաջ մեքսիկացիների պաշտպան Ռաֆայել Մարկեսը հավասարացրեց հաշիվը` 1:1:
Առաջին օրվա երկրորդ խաղում Ուրուգվայի եւ Ֆրանսիայի հավաքականները նույնպես խաղաղ դաշն կնքեցին` 0:0: Այդ խաղում արձանագրվեց մրցաշարի առաջին հեռացումը. 81-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ ստանալու համար ուրուգվայցի Լոդեյրոն ստիպված էր ժամանակից շուտ լքել խաղադաշտը:
Այսօր տեղի կունենան երեք հանդիպումներ: Մրցումների երկորդ օրը կսկսվի Հարավային Կորեա - Հունաստան խաղով (սկիզբը Երեւանի ժամանակով` 16:30-ին): Ապա միմյանց հետ կհանդիպեն Արգենտինան ու Նիգերիան (19:00), իսկ օրը կեզրափակվի Անգլիա - ԱՄՆ մրցախաղով (23:30):