Փորձարկում
Աջակցիր «Ա1+»-ին«Ես անչափ գոհ եմ Հայաստանում անցկացրած օրերի եւ խաղերի համար», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Թբիլիսիի «Մետեխի-91» ֆուտբոլային ակումբի պատանեկան մարզիչ Թեմուրի Տվիլչելիձեն, ում սաները մի քանի րոպե առաջ ուժերը չափել էին «Փյունիկ-2000»-ի հետ եւ պարտվել:
«Միկա» ֆուտբոլային ակումբի հրավերով մենք հունիսի 8-11-ը Երեւանում անցկացրինք 4 ստուգողական խաղեր: Հանդիպեցինք Հայատանի տարբեր ակումբների պատանեկան թիմերի հետ: Դրանք շատ մեծ օգուտ տվեցին իմ սաներին, թե մարզական, թե ճանաչողական առումով»,-ասաց նա:
Վրաստանի վաստակավոր մարզիչը հույս հայտնեց, որ այսուհետ ավելի հաճախակի կդառնան նման փոխադարձ այցելությունները. «Մենք նույնպես պատրաստ ենք ընդունել ձեր թիմերին Թբիլիսիում, կազմակերպել ստուգողական խաղեր: Իսկ առայժմ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միկա» ակումբի ղեկավարությանն այս հրավերի եւ ջերմ ընդունելության համար»:
Հավելենք, որ Վրաստանի պատանի ֆուտբոլիստները առաջին խաղում պարտվեցին «Միկա-2000»-ին` 2:6, ապա ոչ-ոքի խաղացին «Փյունիկ-2001»-ի հետ` 4:4, երրորդ խաղում հաղթեցին «Բանանց-2000»-ին` 3:2, իսկ վերջինում զիջեցին «Փյունիկ-2000»-ին` 2:6: