Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Հայկական արտադրանքը ճանաչելի է դառնում միջազգային շուկաներում

2020 թ-ի մարտահրավերները՝ տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի բռնկումը, ապա արցախյան պատերազմը, էլ ավելի ընդգծեցին տեղական արտադրության զարգացման, առաջխաղացման և վաճառքի խթանման անհրաժեշտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Առևտրի իրականացման ու նոր շուկաների բացահայտման համար, թերևս, մինչ օրս  ամենաարդյունավետ հարթակներից են միջազգային ցուցահանդեսները։ Վերջիններս հնարավորություն են տալիս ընկերություններին հասկանալ սեփական դիրքը միջազգային շուկայում, ծանոթանալ նորարարական միտումներին, և, ի վերջո, համագործակցության եզրեր հաստատել նոր գնորդների հետ և ավելացնել վաճառքը։ 

 

2018թ-ից ի վեր «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում բազմաթիվ հայաստանյան ձեռնարկություններ մասնակցել են մի շարք առաջատար միջազգային ցուցահանդեսների եվրոպական երկրներում՝ ուսումնասիրելով  միջազգային լավագույն փորձն անմիջապես տեղում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում։

Կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ 2020 թ-ին մի շարք խոշորագույն ցուցահանդեսներ չեղարկվեցին, իսկ որոշները՝ տեղափոխվեցին առցանց հարթակներ։ United Fresh սննդամթերքի միջազգային ցուցահանդեսը ևս տեղի ունեցավ առցանց, որին ծրագրի շրջանակում մասնակցեցին տասնյակ ընկերություններ Հայաստանից։

Ցուցահանդեսներին հաջողելու համար ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն ծավալով, ունենան մրցունակ բրենդինգ, փաթեթավորում և գովազդային նյութեր։ Ուսումնասիրությունը ևս առաջնային է հասկանալու համար՝ արդյոք տվյալ շուկան բավարարում է ընկերության կարիքներն ու պահանջները և ինչ առանձնահատկություններ ունի։ Առանցքային է նաև հասկանալ սպառողի հոգեբանությունն ու նախասիրությունները։

«Միջազգային ցուցահանդեսներին նոր գնորդներ ու գործընկերներ ձեռք բերելու համար կարևոր է ճիշտ գնային քաղաքականություն վարել, ինչի համար նախ և առաջ պետք է հասկանալ ապրանքի ինքնարժեքը։ Հայաստանյան ձեռնարկությունների հիմնական խնդիրներից են նաև պահանջվող ծավալի ու ստանդարտի ապահովումը, լեզվի իմացությունը, հաղորդակցության ու վաճառքի հմտությունները»,- նշում է միջոցառումների և արտահանման գծով փորձագետ, խորհրդատու Մարկուս Ազադյանը, ով օգնել է կազմակերպել հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը տարբեր միջազգային ցուցահանդեսներին։ 

Փորձագետը խորհուրդ  է տալիս սահմանափակ արտադրական ծավալով ընկերություններին որպես առաջնային արտահանման շուկա դիտարկել ավելի փոքր երկրները, որտեղ մրցակցությունն այդքան էլ մեծ չէ, ապա՝ քայլեր ձեռնարկել ավելի մեծ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ։ 

«Ցուցահանդեսները կարևորագույն հարթակ են առևտրի համար, այլ ոչ թե զբոսաշրջային հնարավորություն, և առավել մրցունակ լինելու համար մասնակիցները պետք է տեղում ուսումնասիրեն լավագույն միջազգային փորձն ու միտումները և ապա ներդնեն դրանք հայրենիքում», - ավելացնում է փորձագետը։

«Այցեքարտերը հաճախ կորցնում են կամ դեն նետում։  Այդ իսկ պատճառով այցեքարտի փոխարեն որոշեցինք այցելուներին տրամադրել մեր արտադրանքի նմուշներից։ Արձագանքը դրական էր, և արդյունքում կարողացանք կապեր հաստատել նոր գնորդների հետ», -  նշում է ծրագրի շահառու, Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիայի տնօրեն Վարդգես Դավթյանը։ Ծրագրի շրջանակում մասնակցած միջազգային ցուցահանդեսների արդյունքում ասոցիացիան նոր գործընկերներ է ձեռբ բերել և Ֆրանսիա արտահանել օրգանական և ավանդական մեթոդներով չորացված միրգ և բանջարեղեն։ 

Ծրագրի մեկ այլ շահառուի՝ մրգային թեյերի և յուղերի արտադրութամբ զբաղվող Բիզոն ընկերությանը, ևս հաջողվել է նոր գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայից՝ մասնավորապես Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Թայվանից։ 

Ծրագրի շրջանակում 15 հայաստանյան ընկերություններ բազմիցս մասնակցել են սննդամթերքի վերամշակման առաջատար SIAL ցուցահանդեսին Փարիզում, ԲԻՈՖԱԽ  օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին Նյուրնբերգում և սննդի և խմիչքների մասնագիտացված ANUGA ցուցահանդեսին Քյոլնում։   

«Մասնակցությունը միջազգային բարձրակարգ ցուցահանդեսներին օգնում է քայլ առ քայլ զարգացնել հայկական բրենդը։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, աշխարհին ցույց տալու, սովորելու, և միջազգային ցուցահանդեսները շատ օգտակար են այս հարցում։ Առաջատար ցուցահանդեսների միջոցով հայտնվում ես միջազգային տվյալների բազայում, տարբեր ընկերություններ փորձում են կապ հաստատել, աճում է նաև ընկերության կայքի այցելությունների թիվը, որն ամեն դեպքում դրական միտում է», - նշում է ծրագրի շահառու, Էդնա ընկերության բիզնեսի առաջխաղացման գծով ղեկավար Ռուզաննա Քարտաշյանը։ 

Բիզնես Արմենիայի (նախկինում Հայաստանի զարգացման հիմնադրամ) տվյալներով՝ 2018թ-ին հայաստանյան ընկերությունները միջազգային ցուցահանդեսների արդյունքում ձեռք են բերել գրեթե 7 մլրդ դրամի արժողությամբ պայմանագրեր, ինչը 25,9%-ով գերազանցում է 2017թ-ի ցուցանիշը։ Մասնագետների կարծիքով՝  մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ամենակարևորը ձեռք բերված գործընկերային կապերը պահպանելն է, ժամանակն օգտագործել նորարարական արտադրանք ստեղծելու և այն մրցունակ փաթեթավորմամբ ներկայացնելու համար։

Փորձագետը վստահեցնում է նաև, որ արդյունավետ համագործակցությունը կառավարության, զարգացման ծրագրերի ու ձեռնարկությունների միջև, ինչպես նաև գրագետ ռազմավարության մշակումն ու իրականացումը կնպաստեն, որ ռեսուրսներն ավելի լավ օգտագործվեն։ Սա իր հերթին կնպաստի, որ հայկական արտադրանքն ավելի ճանաչելի դառնա, իսկ արտահանման ծավալներն աճեն։