Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-854
A A
Մշակույթ

Երեխաներին ուրախություն է պետք. Կարո Շահբազյան

Պատերազմից հետո Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմը նորից կլուսավորվի` բայց առայժմ միայն երեխաների համար՝ Ամանորի առիթով։

Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասում է, որ հոգեբանորեն շատ ծանր էր որոշում կայացնել և վերսկսել ներկայացումները, սակայն երեխաներին ուրախություն է պետք։

Ամանորյա ներկայացումներին հրավիրվել են նաեւ արցախցի մոտ 300 երեխաներ Երեւանից եւ մերձակա համայնքներից։

Այս փոքրիկների մի մասին թատրոնը ուրախացրել է նաեւ պատերազմի օրերին Նախագահի նստավայրում։

«Դիմել էինք ՀՀ նախագահի աշխատակազմին։ Նրանք ընդունեցին մեր առաջարկը և նախագահական նստավայրում մանկական ներկայացում ունեցանք։ Այդ շրջանում նաև փորձում էինք ճշտել՝ որտեղ կային Արցախից եկած երեխաներ և ներկայացումներ կազմակերպել նրանց համար։ Եղել ենք Ծաղկաձորում և ներկայացում ունեցել տեղի հյուրատներից մեկում», - ասաց տնօրենը։

Պատերազմի ընթացքում թատրոնը 3 անգամ դռները բացել է հանդիսատեսի առաջ, բայց ոչ սեփական ներկայացումներով։ Գյումրու թատրոնի և դերասան  Վարդան Պետրոսյանի հետ համագործակցությամբ ցուցադրվել է «Վերելք» ներկայացումը․ «Վարդան Պետրոսյանի և Գյումրու թատրոնի հետ համաձայնության եկանք, որ ցուցադրությունից ստացված ամբողջ հասույթը փոխանցվի Համահայկական հիմնադրամին՝ մոտավորապես 3 մլն դրամ», - նշեց Կարո Շահբազյանը։

Մինչ պատերազմն էլ թատրոնը փակ էր կորոնավիրուսային  համաճարակի հետևանքով։ Չնայած մեկուսացման ընթացքում ներկայացումներ չեն եղել, ստեղծագործական գործընթացը չի կանգնել․ «Այդ ընթացքում մոտ 3 ներկայացում գրեթե ավարտել ենք, որոնք արդեն պատրաստ են պրեմիերայի։ Հուսով ենք, որ գոնե մյուս տարի, եթե հանգամանքները թույլ տան, կհանձնենք հանդիսատեսի դատին», - ասաց տնօրենը։ Կարո Շահբազյանի խոսքով՝ թատրոնի ծրագրերում կա արդեն հնարավորինս շատ ներկայացումներ բեմադրել սիրո, բարության ու հայրենասիրության թեմաներով, որպեսզի փորձենք դուրս հանել բացասականը մեր կյանքից։