Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմասնակցեն հայ հիվանդ երեխաները

Սպորտ

Հունիսի 14-15-ը Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում կանցկացվի հերթական օնկօօլիմպիադան, որին կմասնակցեն 250 երեխաներ, որոնք նախկինում հիվանդ են եղել քաղցկեղով, սակայն կարողացել են հաղթահարել հիվանդությունը: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանում գործող «Նվիրիր կյանք» հիմնադրամը:

Այս տարի խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնել 8 երկրներ` Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Հունգարիան, Լատվիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Հայաստանը: Հիմնադրամի հոգաբարձու Չուլպան Համատովան այդ առիթով հայտարարել է, որ օլիմպիադայի օգնությամբ իրենք ցանկանում են ապացուցել, որ ծանր հիվանդությունը հաղթահարած երեխաները նույնպիսի երեխաներ են, ինչպես մյուսները, եւ որ նրանք ի վիճակի են հաղթանակ տոնել ոչ միայն կյանքում, այլեւ սպորտում:

Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված են այնպիսի մարզաձեւեր, ինչպիսիք են ֆուտբոլը, թեթեւ աթլետիկան, լողը, հրաձգությունը, սեղանի թենիսը եւ շախմատը:

Խաղերի բացման օրն է ընտրվել հունիսի 14-ն այն պատճառով, որ դա Արյան դոնորների միջազգային օրն է համարվում, իսկ առանց նրանց օգնության անհնար է բուժել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Բացման արարողությանը կմասնակցեն բազմաթիվ հայտնի երգիչներ եւ խմբեր, մասնավորապես` «Ա Ստուդիոն», «Ֆաբրիկան», «Բրավոն», «Չայ վդվոյոմը» եւ այլք:

Հավելենք, որ առաջին օնկօօլիմպիադան կազմակերպվել է 2007 թ. Լեհաստանում: