Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տպավորություն է, որ 17 կուսակցություններն Ադրբեջանի հետ սինխրոն են իրենց գործողությունները պլանավորում․Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

«16+ ուժերի հայտարարությունները և պատկերացումները  պետք է անտեսել, որովհետև այդ մարդիկ երկու տասնամյակից ավել թալանել ու քայքայել են մեր բանակն ու պետությունը»,-այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով երեկ Ֆրանսիայի հրապարակում հնչած հայտարարությանը, թե 17 ուժերը Գլխավոր դատախազությանը մինչև երկուշաբթի ժամանակ են տալիս՝ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար․

«Երկու տարուց ավելի է՝ մենք փորձում ենք իրենց քսան տարվա թալանածն ու քանդածը  վերականգնել»։

Հովակիմյանը պնդում է՝ պետությունը նախկին ուժերի համար թալանի գործիք է եղել

«Հիմա հայրենասիրությունը դրոշակ դարձրած՝ աջ ու ձախ դավաճաններ են փնտրում, իրական դավաճաններն իրենք են»։

Հովակիմյանն ասում է՝ որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել 20 տարի, պետք է գնալ և գնահատել, օրինակ, Պաշտպանության նախկին նախարարի տան արժեքը

«Միայն տունը, որտեղ ապրում են, արժի 5-7 միլիոն դոլար, ամեն քարի մեջ զինվորի արյուն է, քանի՞ ԱԹՍ է այդ տունը, գնացեք, Քոչարյանի ընտանիքի կարողությունը վերածեք ռազմաթերքի, վերածեք պետության բաց թողնված հնարավորությունների»։

Պատգամավորը պնդում է՝  20 տարվա խաղաղության շրջանը մեր պետությունը վատնել է

«Բոլորը՝ այդ թվում եկեղեցու ղեկավարները, հանդուրժում էին, որ գող-ավազակները պետական պաշտոն զբաղեցնեն,  մինչև 2018 թվականը մեր հանրային բանավեճում գող ու ավազակը բաշարող տղերք էին, իրենք չէին դատապարտվում որևէ մեկի կողմից, գող-ավազակը կարող էր թալանել, հետո գնալ, եկեղեցի կառուցել, իսկ եկեղեցականները շատ հանգիստ այդ նվիրատվությունն ընդունում էին»։

17 կուսակցությունների գործողությունների վերաբերյալ Հովակիմյանն ասում է՝ նրանք պահանջում են իշխանության զավթում․

«Ինձ մոտ տպավորություն է, որ 17 կուսակցություններն Ադրբեջանի հետ սինխրոն են իրենց գործողությունները պլանավորում, ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդկանց խումբը ոնց ատել է հայ ժողովրդին, այնպես էլ շարունակում է ատել»,-ասում է Հովակիմյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի սահմանազատման աշխատանքներին, իշխող ուժի պատգամավորը խոստովանում է, որ գործընթացը ցավոտ է, նշում է՝ բնակիչները, բնականաբար, մտահոգված են իրենց անվտանգությամբ, բայց կա նաև քաղաքական շահարկում․

«Այս անհանգստությունն անընդհատ գեներացվում է, սա մեր ինֆորմացիոն դաշտի՝ դրսից կառավարման հետևանք է։ Սյունիքում սահմանագծերն են ճշտվում, սա այս պատերազմի ծանր հետևանքն է»,-նշում է նա։