Կենտրոնում տեղադրվել են աղբը տեսակավորող թափոնամաններ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեղինում թուղթն է, կապույտում՝ պլաստիկը, մոխրագույնում՝ ապակին։ Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և այսօրվանից արդեն նաև Կենտրոն վարչական շրջաններում տեղադրվել են աղբը տեսակավորող թափոնամաններ։ Այսինքն՝ թուղթը, պլաստիկն ու ապակին այսուհետ ոչ թե կգնան ընդհանուր աղբանոցներ, այլ կուղարկվեն վերամշակման։
Վերամշակման գործարան Հայաստանում դեռևս չկա, սակայն կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են առանձին թափոնների վերամշակմամբ։ Կազմակերպություններն էլ ընտրվել են մրցույթով։ Առայժմ պայմանագրեր կնքված են թուղթը, ստվարաթուղթն ու ապակին ընդունող կազմակերպությունների հետ
Աջափնյակ և Դավթաշեն շրջանների 10-օրյա փորձը ցույց է տալիս, որ մարդիկ 80 տոկոսով նոր թափոնամաններում նետում են արդեն տեսակավորած աղբը։ Բայց որպեսզի ցուցանիշը 100 տոկոս դառնա, իրազեկման միջոցառումներ են նախատեսվում։
Նոր թափոնամանների տեղադրման գործընթացը սկսվել է դեկտեմբերի 8-ից և նախատեսվում է ամբողջ Երևանում ունենալ 130-ից 135 կետ։ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ տարվա սկզբին արդեն թափոնամաններ տեղադրված կլինեն բոլոր վարչական շրջաններում։
Մանրամասները՝ տեսանյութում