«Ֆորս մաժորի դեպքում պատրաստ ենք մինչեւ վերջ գնալ». Լոռի TV-ի տնօրենը` գալիք մրցույթի մասին․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ինAravot.am-ը զրուցել է «Լոռի» հեռուստատեսության ղեկավար տնօրեն Նարինե Ավետիսյանի հետ:
-Ինչո՞ւ 2010 թ չմասնակցեցիք թվայնացման մրցույթին, իսկ այժմ որոշեցիք մասնակցել:
-2010թ մրցույթին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ արդեն իսկ քաղաքական որոշում կար, նույնիսկ մեզ պարզապես ասացին, որ անիմաստ է մասնակցելը, որովհետեւ որոշված է, թե թվային հեռարձակման լիցենզիաներն ում պետք է տալ: Լոռու մարզի հետ կապված որոշումը անակնկալ էր, որովհետեւ լիցենզիան տրվեց վաղուց չգործող մի հեռուստաընկերության, որի տնօրենն այդ ժամանակ աշխատում էր Երեւանում` հեռուստաընկերություններից մեկում:
Քաղաքական որոշման մի բաղադրիչն էլ հետեւյալն էր, որ պետք է բոլոր հեռուստաընկերությունները միանային եւ միացման արդյունքում 51 տոկոս բաժնեմասը տրվեր Կարեն Կարապետյանին: Բնականաբար «Լոռի» հեռուստաընկերությունը միանգամից մերժեց, մինչդեռ կային հեռուստաընկերություններ, որոնք փորձում էին քննարկել այդ խայտառակ առաջարկը, որն ի դեպ, արվեց Լոռու մարզպետարանում: Մենք չցանկացանք լեգիտիմացնել այդ մրցույթը ու 10 տարի ոչ միայն համբերատար սպասել ենք այս օրվան, այլեւ մի ճակատում պայքարել ենք հարցի արդարացի լուծման ճանապարհներ գտնելու, մյուս ճակատում`հեռուստաընկերությունը հզորացնելու համար, երկուսն էլ կարծես ստացվել է:
Ցավոք, այս 10 տարիների ընթացքում որոշ մարզային հեռուստաընկերություններ փակվեցին` չդիմանալով գործունեության անհավասար պայմաններին, որովհետեւ թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների լսարանն օրեցօր մեծանում էր, իսկ անալոգային հեռարձակում ունեցողներինը` փոքրանում:
– Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացվեց, որ դուք կարողացաք դիմակայել այդ ամենին ու չփակվել:
-Մենք այս տարիների ընթացքում ընդունեցինք զարգացող տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի բոլոր մարտահրավերները, շատ արագ մեր տեղը գտանք համացանցում, սոցիալական ցանցերում: Կորցրած լսարանի փոխարեն ձեռք բերեցինք նոր լսարան, որը բաղկացած է Սփյուռքում եւ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից: Արդիականացնելով նաեւ մեր կայքը` կարողացանք մի կերպ գոյատեւել: Իհարկե, այս ամենը եկամտաբեր չէր կարող լինել, ու փառք ու պատիվ մեր պրոֆեսիոնալ անձնակազմին, որ կարողացանք նաեւ մեր կենսունակությունն ապահովել միջազգային դրամաշնորհային ծրագրեր իրականացնելով:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցույթից:
-Նախամրցութային ժողով է եղել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում: Նշեմ, որ բավականաչափ պարզեցվել է մրցութային առաջարկներ ներկայացնելը: Ի դեպ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթե նախկինում թվեր էին նկարում` միլիոնների ու միլիարդների ներդրումներ, այժմ դրա կարիքը չկա, որովհետև այդ ամենն իրականությանը չէր համապատասխանում, եւ այս անգամ նկարած թվերին այնքան էլ ուշադրություն չի դարձվելու: Մնացած բոլոր չափորոշիչներով` ծրագրեր, տեխնիկական հագեցվածություն, աշխատակազմի պրոֆեսիոնալիզմ եւ այլն, մեր մրցակիցներից մի քանի անգամ առաջ ենք:
Մենք ունենք մեր սեփական շենքը, հզոր տեխնիկա, ինչպիսին օգտագործում են Երեւանի ամենակայացած հեռուստաընկերությունները, պրոֆեսիոնալ աշխատակազմ: Կարծում եմ, որ հանձնաժողովը այս ամենի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում կգա համապատասխան եզրակացության: Նաեւ շատը հետաքրքիր փաստ եմ ուզում ներկայացնել:
Քանի որ ինքս էլ լրագրող եմ, փորձեցի ուսումնասիրել իմ մրցակիցների գործունեությունը` կապված նաեւ անցյալ տարիների հետ: Եվ ի՞նչ պարզվեց. բաց աղբյուրներից, օրինակ 1000plus.am կայքից արտահանեցի փաստեր, որոնք շշմելու աստիճան ինձ օգնեցին:
Ստացվում է, որ մենք անալոգային տիրույթում հեռարձակվելով` ավելի շատ ենք վճարել (դրանով որոշվում է, թե քանի աշխատող ենք ցույց տվել), քան մեր մրցակից երկու հեռուստաընկերությունները: Ընդ որում, թվային հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունը երրորդ տեղում է, առաջին տեղում մենք ենք, երկրորդ տեղում մեկ այլ հեռուստաընկերություն:
Գուցե եւ չափորոշիչների մեջ չկա այս մասին գրված, բայց սրանք հավաքական տպավորություն եւ կարծիք ստեղծելու գործիք են: Դարձյալ բաց աղբյուրից եւ հենց ՀՌՀ եւ ԿԸՀ կայքերից կարելի է արտահանել բոլոր ընտրությունների լուսաբանումների պատկերը. մենք բոլոր ուժերին հավասարապես լուսաբանել ենք, եւ անգամ թվային հեռարձակվող եթեր, այսինքն` մեծ լսարան չունենալու պարագայում մարդիկ մեզ են դիմել:
Շարունակությունը՝ Aravot.am