Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զառա Ամատունի
A A
Քաղաքականություն

Կարմիր խաչը գերիների փոխանակման ընթացիկ գործընթացի մաս չի կազմել․ Զառա Ամատունի

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակման գործընթացի հետ կապված մենք միայն կարող ենք ողջունել հնարավորությունը, որ մարդիկ կարողանում են վերադառնալ իրենց ընտանիք, սակայն այս գործողության մաս մենք չենք կազմել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց  ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ պատրաստակամ են աջակցություն ցուցաբերել, կողմերն էլ այդ մասին գիտեն, սակայն այս կոնկրետ գործողության մեջ ներգրավված չեն եղել։

Ամատունին շեշտեց,  որ ռազմական գործողությունների սկսման առաջին շաբաթներից ստացել են հնարավորություն տեսակցելու մի շարք քաղաքացիական և զինվորական անձանց, ովքեր գտնվում են հակառակորդ երկրում, եղել են նաև կողմերի միջև առաջարկների փոխանցողը։

ԿԽՄԿ ներկայացուցիչը հավելեց, որ կհետևեն գործողության արդյունքներին և անհրաժեշտության դեպքում կրկին կառաջարկեն աշխատել կողմերի հետ, հարկ լինելու դեպքում կազմակերպել նաև փոխանցումներ և հայրենադարձումներ։

Հիշեցնենք՝ Հայաստանը և Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը քիչ առաջ հայտնել է, որ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:

Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր,  որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։