Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նստեցի՝ մի ժամ քնեմ, պայթյուն լսեցի, հետո հիշում եմ իմ թռնելը, ընկնելը․ ինչ են հիշում առաջնագծի տղաները (տեսանյութ)

20-ամյա գյումրեցի Արտուշը պատերազմի ծանր օրերից հետո ոտքի վիրավորում է ստացել, ցավերը դեռ չեն դադարել, բայց շարունակում է ժպտալ։

Գյումրեցի տղան Մարտակերտի զորամասերից մեկում է ծառայել, 6 ամսից պետք է զորացրվեր, բայց անսպասելի պատերազմը իրադարձություններին այլ ընթացք տվեց․ 

«Իրենց հակահարվածները ուժեղ սկսվեց, կրակոցներ, հետո կրակոցները դադարեցին, նահանջեցին, հետո մեր կողմ եկան սնարյադների արկերը, արկի պայթյունից ոտքս վիրավորվեց, տեղափոխեցին Ստեփանակերտ, հետո Երևան»։

20-ամյա հերոսը  մարտի դաշտում շատ ընկերներ է կորցրել, ասում է՝ ամեն կորստից հետո թշնամուն  ուժեղ հակահարված տալու ցանկությունն ավելի էր մեծանում, սիրած աղջկան հիշելուց էլ ավելի վճռական է նետվել մարտի։

Հարցնում ենք՝ մարտերի կարճատև ընդմիջումներին ինչի՞ մասին էին զրուցում տղաներով․

«Ծիծաղում էինք, որ ուրախ անցներ օրը, չնեղվեինք, տխուր չլինեինք»,-հիշում է հերոսը։

Արտուշի հետ նույն հիվանդասենյակում բուժում է ստանում նաև մասնագիտությամբ ծրագրավորող, հրետանավոր Համլետը, ով Մարտունիի երկրորդ պաշտպանականում է ծառայել, պատերազմի 6-րդ օրը արդեն ծանր վիրավումներ է ստացել մի քանի տեղից․

«Գիշերը չէի քնել, հիշում եմ՝ խրամատ էինք փորում, 12-ի կողմերն էր, արդեն նստեցի, որ մի ժամ քնեմ, մոտ կես ժամ էր անցել, պայթյունը լսեցի, հետո հիշում եմ իմ թռնելը, ընկնելը, մեր հրամանատարը կապ տվեց ներքև, մեքենա ուղարկեցին, ինձ սարից ներքև իջեցրին ու համարյա չեմ հիշում, այդ մի օրը անգիտակից եմ եղել»,-պատմում է ժամկետային զինվորը։

Համլետը բուժումը մի քանի օր առաջ է ավարտել, արդեն վերականգողական փուլում է։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո կրթությունը դրսում շարունակելու պլաններ ունի

«Ուզում եմ էլի հետ գնալ ծառայության, բայց բժիշկներն ասում են՝ պիտանի չես, երբ այս ամենը վերջանա, արդեն պետք է սկսեմ մասնագիտականով զբաղվել»։

 Կրկին ծառայության վերադառնալու պլաններ ունի նաև բոլորին արդեն հայտի կրեկեր ուտող զինվորը՝ Գեորգին․

«Կվերջացնեմ ծառայությունս, դրանից հետո որոշել եմ ուսումս շարունակել, սովորում եմ Սլավոնական համալսարանում՝ Լեզվաբական ֆակուլտետում»։ 

Գեորգին հիշում է՝  իր հայտնի վիդեոյից 15 րոպե հետո իրենց վրա հարձակվել են, իսկ հաջորդ օրն արդեն վիրավորվել է և Երևան տեղափոխվել։

Գեորգիից փորձում ենք իմանալ, թե սիրած աղջիկ ունի՞, ասում է՝ դեռ ոչ, բայց ընկերները միջամտում են՝ իրականությունն այլ է։