Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ալիևը երկու օր առաջ բացահայտ ասաց՝ առանց Պուտինի և Ռուսաստանի՝ Ադրբեջանը ոչ մի հաղթանակ չէր տանի»․ երթ դեպի ԱԳՆ (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամներն այսօր Մինսկի խմբի երկու համանախագահների այցի առիթով իրականացրին երթ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտից դեպի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ ժամը 11-ին նախատեսված էր Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նախարարության ներկայացուցիչների հետ։

Բևեռի անդամները նամակ-հայտարարություն հանձնեցին ԱԳՆ-ին, որպեսզի վերջիններս այն փոխանցեն համանախագահներին։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահներից առնվազն երկուսը՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, ջանքեր են գործադրում՝ աշխատանքը խմբի ձեւաչափ տեղափոխելու համար

«Ադրբեջանն առնվազն փորձում է դրանք զրոյացնել՝ համարելով, որ ամեն ինչ ավարտված է: Մենք էլ հակառակ ուղղությամբ պետք է աշխատենք, որպեսզի թույլ չտանք, որ թշնամու նպատակներն ամբողջությամբ իրականացվեն»։

Ավետիսյանի համոզմամբ՝ եթե պատերազմի ընթացքում ավելի լուրջ ջանքեր գործադրվեին, հնարավոր է՝ հայկական կողմն ավելի ցանկալի արդյունքներ ունենար, բայց պատերազմն ունի իր տարամբանությունն ու կանոնները։

Արդեն ԱԳՆ-ի մոտ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր, արցախյան պատերազմի մասնակից, Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց

«Այս տարիներին քաղաքական ուժերին իշխող, կեղեքող համակարգին հաջողվել է մեր նման քաղաքական ուժերին եւ գործիչներին կպցնել հակառուսների պիտակ։ Կարծում եմ՝ մենք հասել ենք մի հանգրվանի, որ այսօր ոչ միայն այդ պիտակներն են թափվելու, այլեւ վստահ եմ՝ ժողովրդի մեծ մասն իր աչքերը բացելու է, միտքը բացվելու է»,-համոզմունք հայտնեց նա: 

Սեֆիլյանի խոսքով՝ մենք պետք է սովորենք տեր լինել մեր շահերին․

«Պետք չէ լինել այս կամ այն աշխարհաքաղաքական բեւեռի ծառան: Սա է այսօրվա գրավականը՝ քաղաքականությամբ զբաղվելու եւ ապագա Հայաստանում կառավարելու: Այն պետությունը, որը հակադրվում է մեր շահերին, մեր համապատասխան վերաբերմունքին պետք է արժանանա: Ուստի այն, որ այսօր այստեղից կծու խոսքեր են հնչում  Կրեմլի մասին, այստեղ ոչ մի հակառուսականություն չկա, մենք եւ ժողովուրդը դրա իրավունքն ունենք՝ ոճրագործությունն իր անունով պետք է կոչել: Այսօր բոլորիս մեջ ծնվում է ապագա ինքնիշխան Հայաստանը»,-եզրափակեց Սեֆիլյանը։

Բևեռի անդամ Տիգրան Խամալյանն էր հայտարեց՝ սա քաղաքակրթությունների պատերազմ է, որը շարունակվում է․

«Ալիևը երկու օր առաջ բացահայտ ասաց՝ առանց Պուտինի և Ռուսաստանի՝ Ադրբեջանը ոչ մի հաղթանակ չէր տանի»։