Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը պարտվեց, Կարապետ Չալյանը՝ հաղթեց. Աշխարհի գավաթ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ընբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում այսօր մրցագորգ ելավ մեր հունահռոեմական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Կույր վիճակահանության պատճառով մեր 97 կգ քաշային ըմբիշն արդեն որակավորման փուլում հանդիպեց մրցաշարի մյուս ֆավորիտ Մուսա Եվլոևի հետ: Ցավոք, մեր մարզիկը 1:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի ըմբիշին և դուրս մնաց առաջին տեղի համար պայքարից: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, ապա Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Այսօր մրցաշարը հաջող սկսեցին 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որոնք հաղթեցին սփոփիչ առաջին մրցամարտում և մտան փոքր եզրափակիչ, որտեղ կպայքարեն բրոնզե մեդալի համար: Իսկ ահա 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն պարտություն կրեց նմանատիպ մենամարտում և ավարտեց ելույթները:

Աշխարհի գավաթի համար պայքարը սկսեցին նաև մեր մյուս չորս ըմբիշները: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 0:3 հաշվով պարտվեց հնդիկ Գյանենդերին, իսկ 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը բոլոր առումներով զիջեց ռումինացի Գեորգ Մարիեային՝ 1:9:

Մրցումային երկրորդ օրը հաղթանակներով մեկնարկեցին 63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Առաջինը մեկնարկային մրցամարտում հաղթեց թուրք Աբդուրահման Ալթանին՝ 3:1, իսկ երկրորդը պարտության մատնեց սերբ Բոբան Ժիվանովիչին՝ 3:1: Նրանք շարունակում են պայքարը աշխարհի անհատական գավաթի համար: