Քաշքշուկ ոստիկանների և ցուցարարների միջև․ վերջիններս փակեցին Տիգրան Մեծ պողոտան, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության մոտ հավաքված ակցիայի մասնակիցները մանրադրամներ նետեցին Կառավարության շենքի ուղղությամբ։
Ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին հորդորեց ամեն անցնելուց մանրադրամներ ներտել այդ ուղղությամբ․
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այս շենքում, այստեղից անցնելուց մանր դրամներ և լումաներ նետեք, թող կշտանան իրենց պարգևավճարներով, 30 արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից, բոլորդ 30 արծաթներ նետեք, թող գան, իրենց պարգևավճարները ստանան ու հեռանան այստեղից»։
Հավաքի մասնակիցներից մի քանիսը փորձեցին մտնել Կառավարության շենք, ոստիկանությունը թույլ չտվեց։
Նրանցից շատերը պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանի ասած 3 մլն վարչապետից մեկն են և ուզում են մտնել Կառավարության շենք՝ առանց բռնության և ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որ ինքն արդեն վարչապետ չէ։
«Պարոն ոստիկան, մենք բախում չենք ուզում, մենք քաղաքակիրթ ձևով ուզում ենք մտնել և այդ մարդուն բացատրել, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, ամեն օր այս երկիրն ու ժողովուրդը գնում է կործանման, թույլ տվեք, մտնենք, բացատրենք այդ մարդուն»։
Այնուհետև ակցիայի մասնակիցները փակեցին Տիգրան Մեծ պողոտան, ոստիկանները փորձեցին բացել փողոցը, ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց, այս պահին կան բերման ենթարկվածներ։
Կառավարության շենքի հարակից հատվածը շարունակում է մարդաշատ լինել, բայց ոստիկաններին հաջողվեց բացել փողոցն ու վերականգնել երթևեկությունը։