Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Խոշոր սկանդալ Փարիզում, անակնկալներ Բարսելոնայում և Լայպցիգում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 6-րդ տուրի առաջին հանդիպումները:

Նախ պայքարի մեջ մտան F խմբի թիմերը: Հռոմի «Լացիոն» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» հետ և պահպանեց անցումային 2-րդ տեղը: Խմբի առաջատար Դորտմունդի «Բորուսիան» Սանկտ-Պետերբուրգում 2:1 հաշվով հաղթեց տեղի «Զենիթին» և վստահ գրավեց առաջին տեղը:

Ապա մեկնարկեցին մյուս երեք խմբերի խաղերը: F խմբի առաջատար Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Կրասնոդարի» հետ, վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց 1-ին տեղը: Նրանից մեկ միավորով ետ մնաց իսպանական «Սևիլյան», որը հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթեց ֆրանսիական «Ռենին»:

G խմբում գրանցվեց ամենամեծ անակնկալը: Աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Յուվենթուսը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային» և առաջին անգամ հաղթանակ տարավ այդ մրցակցի հարկի տակ: Իտալական ակումբը վաստակեց 15 միավոր և հավասարվեց իսպանական ակումբին, սակայն անձնական խաղերի արդյունքներով գրավեց առաջին տեղը: Այս խմբում Կիևի «Դինամոն» իր հարկի տակ 1:0 նվազագույն հաշվով հաղթեց հունգարական «Ֆերենցվարոշին», վաստակեց 4 միավոր և նվաճեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի ուղեգիր:

H խմբում մեծ սկանդալ տեղի ունեցավ Փարիզում ընթացող «ՊՍԺ» - «Բաշաքշեխիր» խաղի ժամանակ: Հանդիպման 15-րդ րոպեին չորրորդ մրցավարի և հյուրերի պահեստային ֆուտբոլիստ Դեմբա Բաի միջև ընդհարում է տեղի ունեցել, քանի որ, ըստ հավաստի աղբյուրների, խաղավարը ռասսայական վիրավորանք է հասցրել աֆրիկացի խաղացողին: Գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Դեմբա Բաին, որից հետո երկու թիմերը հրաժարվել են շարունակել հանդիպումը: Այն հետաձգվել է և կվերախաղարկվի այսօր երեկոյան, մրցավարական նոր կազմով:

Նույն խմբի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով անսպասելի պարտվել է «ՌԲ Լայպցիգին» և զիջել առաջին տեղը: Եթե այսօր «ՊՍԺ»-ն անգամ ոչ-ոքի խաղա Թուրքիայի չեմպիոնի հետ, ապա անգլիական ակումբը դուրս կմնա չեմպիոնների լիգայից և ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում: