Խոակին Կապառոսը և Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել են ԱԱ վիճակահանության արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 7-ին կայացած ԱԱ-2022-ի որակավորման փուլի վիճակահանությամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընդգրկվել է J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․
«Շատ հետաքրքիր վիճակահանություն էր: Կարծում եմ՝ ամենաուժեղ խումբը չէ, բայց ուժեղներից մեկն է: Գերմանիան խմբի ակնհայտ ֆավորտին է, համաշխարհային մակարդակի թիմ: Ռումինիան օրեցօր առաջընթաց գրանցող հավաքական է, իսկ Իսլանդիան՝ շատ խաղակցված թիմ: Հյուսիսային Մակեդոնիային շատ լավ ենք ծանոթ, քանի որ վերջին տարիներին հաճախ ենք խաղացել նրանց դեմ, իսկ Լիխտենշտեյնը մի թիմ է, որին չի կարելի թերագնահատել: Նրանք ցանկացած պահի պատրաստ են անակնկալ մատուցելու: Ընդհանուր առմամբ, պետք է պատրատսվենք խաղից խաղ և յուրաքանչյուր խաղում ձգտենք միավորներ վաստակել»:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում իր մեկնաբանությունն է տվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.
«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»: