Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս իշխանության հետ որևէ երկիր այլևս չի բանակցելու․ Տոնոյանը ներկայացրեց Ծառուկյանի ուղերձը (տեսանյութ)

Այսօրվա ընդդիմության հրավիրած հանրահավաքին չի մասնակցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը. նա ԱԱԾ է հրավիրվել:

Ծառուկյանի ուղերձը հարթակից փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ ղեկավարը մասնավորապես ասել է՝ անձամբ պետք է լիներ Ազատության հրապարակում, խոսեր ժողովրդի հետ իրավիճակից ելքեր փնտրելու հնարավոր տարբերակների մասին, բայց հրավիրվել  է ԱԱԾ

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձնից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ։ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձնից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդից, անտուն ու անհայրենիք մնացնած մեր շուրջ 100 հազար արցախցիներից, զավակ կորցրած մայրերի ցասումից»։

Իր ուղերձում Ծառուկյանը հիշեցրել է, որ դեռ ամիսներ առաջ է ասել, որ այս իշխանությունները պետք է հեռանան

«Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն է։ Իմ թիվ մեկ անհանգստությունը Արցախն էր ու Արցախի անվտանգությունը»,-ասել է Ծառուկյանը։

Պետք է ձևավորվի նոր իշխանություն,-ասել է Ծառուկյանը և հավելել, որ նոր իշխանությունը պետք է փորձի  մինիմումի հասցնել այս փաստաթղթի հետևանքները

«Նիկոլ Փաշինյանը փորձում է իր խայտառակ պարտությունը ամեն օր բարդել մեկի վրա, իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ և Արցախի Հանրապետության նախկին նախագահները, ռազմավարական գործընկերը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը,բայց ոչ երբեք ինքը»։

Ծառուկյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերը՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին

«Արդյունքում ժողովրդի թիկունքում ստորագված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթի ստորագրումից հետո տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին»։

Ծառուկյանի ուղերձում ասված է նաև, թե երկիրը կործանման եզրին է

«Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում ոչ միայն այն, ինչ թղթով պարտավորվել է, այլ նաև մենք ամեն օր տեսնում ենք՝ ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գնամ։ Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանից մեր մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը»։

Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական փորձառությամբ և իրենց օգնությամբ այսօր կարող է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները․

«Այս իշխանության հետ որևէ երկիր այլևս չի բանակցելու, որովհետև վարաչպետի աթոռը զբաղեցնող մարդը այլևս խաբել ու ստել է բոլորին»։