Բացել լրահոսը Փակել լրահոսը
Black and Yellow Fashion Marketing Social Media Report Presentation (2)
A A
Հասարակություն

Արցախցիներին ապաստանած հյուրանոցների կոմունալ ծախսերը դեռ չեն փոխհատուցվել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն դեկտեմբերի 2-ի դրությամբ միայն պետական աջակցությամբ 19․590 մարդ է վերադարձել Արցախ։ Այնուամենայնիվ, Արցախ վերադարձածների թիվն ավելի մեծ է․ շատերը կամովին են մեկնել։ Սա հաստատում է նաև նախարարությունը։


ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից մեզ տեղեկացրին՝ իրենք հստակ թվեր նշել չեն կարող։ Հիշեցնենք, ավելի վաղ ԱՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:

Սակայն, բազմաթիվ արցախցիներ մինչ այսօր շարունակում են մնալ Հայաստանում։ Ընդ որում նրանցից շատերի կեցության, սննդի և հագուստի կարիքները ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում, այնպես էլ՝ հիմա, շարունակում են հոգալ Երևանի ու մարզերի հյուրանոցների ու հյուրատների ղեկավարները։

Հանրային լրագրության ակումբը կապ է հաստատել Երևանում և ՀՀ մարզերում գործող մի քանի հյուրանոցների հետ՝ հասկանալու ինչպիսին է Արցախ վերադարձողների շարժը, ֆինանսական ի՞նչ դժվարություններ ունեն հյուրանոցները և ի՞նչ աջակցություն են ստանում կամ ակնկալում պետությունից։

Չնայած նախ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմամբ պայմանավորված սահմանափակումների, ապա նաև՝ պատերազմի հետևանքով հյուրանոցային բիզնեսը մեծ վնասներ է կրել, այնուամենայնիվ մեզ հետ զրուցած հյուրանոցների ղեկավարներից որևէ մեկը հյուրերի առաջ հյուրանոցը լքելու վերջնաժամկետ չի դրել։

ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Avalon Hall & Restaurant» համալիրը սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի ավելի քան 30 բնակչի է հյուրընկալել։ Հիմա նրանց թիվը նվազել է՝ հասնելով 13-ի։

Հյուրանոցի ղեկավար Ղազար Մխիթարյանն ասում է՝ իրենց մոտ ապաստանել են Մարտակերտ քաղաքից և Ներքին Հոռաթաղ գյուղից։

«17-ն արդեն իսկ գնացել են, մյուս 13-ը դեռևս շարունակում են մեզ մոտ մնալ։ Բարեբախտաբար նրանցից ոչ մեկը տունը չի կորցրել։ Պարզապես հիմա, իրենց խոսքով, տների պատուհանները վերանորոգելու կարիք կա, սպասում են աշխատանքներն ավարտվեն, վերադառնան»:

Պատերազմի 44 օրերի ընթացքում հյուրանոցում ապաստանած մարդկանց սննդով և հագուստով ապահովելու հարցում Ղազարին օգնել են նաև առանձին կամավորական խմբեր, անհատներ, ինչպես նաև՝ Արամուս գյուղի համայնքապետարանը։

Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Ղազար Մխիթարյանի խոսքով, կամաց-կամաց առաջ է գնում, սկսում է աշխատել, իսկ մինչ այդ սպասում է կոմունալ ծախսերի մարմանը։

Համայնքապետարանից Ղազար Մխիթարյանին տեղեկացրել են՝ Կառավարությունը նոր որոշում ունի, պատրաստվում է հոգալ հոկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերը։

Խոսքը սույն թվականի նոյեմբերի 23-ին ընդունված այն որոշման մասին է, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 127,121.3 հազ. դրամ, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած հանգստյան տներին, հյուրանոցներին և հյուրատներին աջակցություն տրամադրվի՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կոմունալ ծառայությունների՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի սպառված ծավալների գծով առաջացած պարտքերի մարման տեսքով։


«Երեկ հյուրանոցի հոսանքի մատակարարման պատասխանատուն եկել, ասում էր չեք վճարել, պիտի անջատեմ»,- սա էլ Երևանում գործող «Picnic Hotels» ընկերության համահիմնադիր Արտաշես Մելքումյանն է պատմում, որ նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությունից հետո հասցրել է ոչ միայն ճանապարհել, այլև նոր մարդկանց հյուրընկալել, այս անգամ՝ Հադրութի շրջանից։

Արտաշեսն ասում է՝ քաղաքապետարանի ու թաղապետարանի հետ կապ է հաստատել, ասել են՝ անջատելու իրավունք չունեն, հյուրանոցի անունն իրենց ցանկում կա, հոկտեմբեր ամսվա վճարումը կանեն։

«Մի շվեյցարացի բարերար էլ ՀՀ-ում տարբեր ՀԿ-ների հետ է աշխատում, էնտեղից եկել են, մեր տվյալները գրանցել, պատրաստակամ էին վճարել կոմունալ ծախսերը։ Բայց քանի որ թաղապետարանի հետ արդեն համաձայնություն կար, խնդրեցի, որ պահեն մեր տվյալները, գուցե նոյեմբերին իրենց օգնության կարիքը լինի»։

Կոմունալ ծախսերի մարումը վերաբերում է միայն 2 հյուրանոցներին։ Արտաշեսը, սակայն, ևս 3 բնակարան ու մեկ առանձնատուն է տրամադրել Արցախի մեր հայրենակիցներին։ Բնակարանների ու առաձնատան բոլոր ծախսերն ինքն է հոգում։

Արտաշես Մելքումյանն ասում է՝ վերլուծելով ու գնահատելով իր ունեցած հնարավորությունները, որոշել է՝ դեռ մինչ մարտի 1-ը կկարողանա բոլորի մասին հոգ տանել, դրանից հետոն դեռ պարզ չէ։

«Մոտ 50 մարդ կա, որ իր տունը կորցրել է և դեռևս կացարան էլ չի ստացել Ստեփանակերտում։ Մայրաքաղաք Ստեփանակերտից ևս կան բնակիչներ, որոնք տունը չեն կորցրել, բայց վերադարձը մեկ է՝ չեն պատկերացնում, ասում են՝ վտանգավոր է։  Շուշիից իրենց պատուհանը երևում է, բա՞ որ դիպուկահարը կրակի։ Ես էլ հասկանալով նրանց կարգավիճակը՝ որոշել եմ սատարել»։

Բիզնեսի առողջացման գործընթացի ու շարունակականության մասին Արտաշեսը դեռ պատկերացում չունի։ Հույսը՝ իր ու ընկերների վրա է։ Ողջ ընթացքում ամենից շատ հենց ընկերներն ու հարազատներն են նրան օգնել։

«Park Resort Aghveran» հյուրանոցային համալիրի տնօրեն Ալեքսանդր Խեչումյանն էլ տեղեկացնում է՝ նոյեմբերի 15-ից սկսած իրենց մոտ հյուրընկալված բոլոր արցախցիները վերադարձել են Արցախ։

Կառավարությունից նրանք վերջին անգամ ապրիլ ամսին են օգնություն ստացել՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում։ Հիմա աջակցության կարիք ևս ունեն, բայց որևէ մեկին չեն դիմել, զանգ էլ չեն ստացել, սպասում են։

«Նախորդ տարիների համեմատ շարժն անհամեմատելի քիչ է։ Բիզնեսի վերականգնման միակ հույսն աշխատանքի վերադառնալն է»,- ասում է Ալեքսանդր Խեչումյանը։

«Popock Dilijan 2» հյուրատունն էլ պատերազմի օրերին 30-35 մարդու է հյուրընկալել։
Հյուրատան ղեկավար Կարինե Մինասյանն ասում է՝ արդեն 1 շաբաթ է՝ բոլորը վերադարձել են Արցախ։

Արցախից ինքնաբուխ Հայաստան ժամանածների առջև ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս հյուրատանը, վերջնաժամկետներ չեն դրվել, սպասել են, մինչ մարդիկ հոժարակամ պատրաստ կլինեն տուն վերադառնալ։

Կարինե Մինասյանն ասում է՝ թեև իրենք բազմաթիվ մարդկանց են հյուրընկալել 5 հյուրատներում, այնուամենայնիվ որևէ աջակցության չեն սպասել, ամեն բան արել են բարեգործական հիմունքներով։ Սակայն քաղաքապետարանից ծանուցում են ստացել այն մասին, որ իրենք ևս ընդգրկված են այն հյուրատների ցանկում, որոնք հոկտեմբեր ամսին Կառավարությունից կոմունալ ծախսերի փոխհատուցում են ստանալու։ Դեռ սպասում են։

«Հյուրանոցային ոլորտը ծանր վիճակում է։ Բիզնեսի առողջացումը պատկերացնում եմ սեզոնի կայունացմամբ ու հարկեր վճարելով»։

Կարինեն ասում է՝ պատերազմի օրերին ով ինչով կարողացել՝ օգնել է, հիմա առավել ևս թուլանալու իրավունք չունեն, պետք է փորձեն ոտքի կանգնել ու շարունակել աշխատել։


Սոֆի Թովմասյան

Հանրային լրագրության ակումբ

Այս նյութը պատրաստվել է ՀԼԱ Մեդիա կենտրոն ծրագրի շրջանակներում։