Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
 
Տիկին Հակոբյանն իր զորակցությունն է  հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինն իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:
 
Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնել են  վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանն մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:
 
Զրույցի ընթացքում ի հայտ եկել նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները անելու են  կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ: Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: