Քարվաճառից տասնյակ շներ են տեղափոխվել Երեւան՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն. որոշներին որդեգրել են
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի կլինիկան այս օրերին լիքն է Արցախից տեղափոխված չորքոտանիներով։ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի՝ ադրբեջանական կողմին հանձնումից ընդամենն օրեր առաջ հայաստանցի մի քանի կամավորներ նախաձեռնել էին տարածքում բնակվող և հայ խնամողների կողմից լքված շների ու կատուների տեղափոխումը Երևան։ Այսպես՝ կենդանասեր քաղաքացիների ջանքերով Հայաստան տեղափոխվեց մի քանի տասնյակ կենդանի։
Արդեն մայրաքաղաքում Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը հանձն առավ Երևան տեղափոխված 50-ից ավելի շների բժշկական նախնական զննումը, ստերջացումը, պատվաստումը և խնամքը կենտրոնում գտնվելու ողջ ընթացքում։
«Ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին մեզ հետ կապ հաստատեցին կամավորները՝ խնդրելով աջակցել կենդանիների ստերջացման հարցում։ Մենք սիրով համաձայնեցինք ո՛չ միայն ստերջացնել նրանց, այլև կազմակերպել մեր կլինիկայում շների պահումը և խնամքը՝ մինչ որդեգրման հանձնելը։ Տեղեկանալով, որ նույն առաքելությամբ կլինի մեկ այլ այց ևս՝ հայտնեցինք, որ պատրաստ ենք ցուցաբերել նույն աջակցությունը նաև այդ դեպքում։ Շների երկրորդ խումբը՝ 35 շուն, մեր կլինիկա բերվեց կիրակի՝ նոյեմբերի 22-ին»,- հայտնում է ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանը։
Տնօրենի խոսքով՝ այս պահին Արցախից տեղափոխված շների մասով ունեն աջակիցներ․ «Նախաձեռնության անմիջական մասնակից «Դինգո թիմ» կազմակերպությունը պատրաստակամություն հայտնեց տրամադրել որոշակի քանակությամբ սնունդ և դեղամիջոցներ Քարվաճառից տեղափոխված շների համար։ Նույն պատրաստակամությամբ մեզ հետ կապ հաստատեցին մոսկվայաբնակ Ռուբեն Մանուկյանը և հայաստանաբնակ Հակոբ Հարությունյանը, որոնք համատեղ կերպով կտրամադրեն սնունդ և դեղորայք, շների՝ մեր կլինիկայում գտնվելու ժամանակահատվածի համար։ Շնորհակալ ենք նրանց այդօրինակ օգնության համար»։
Հրաչյա Աղաբեկյանը նշեց նաև՝ որոշում է կայացվել, որ շները կենտրոնում կմնան այնքան ժամանակ, մինչև հաջողվի բոլորի համար գտնել որդեգրողների։ Ի դեպ, նրանցից մի քանիսն արդեն ՀՈԱԿ-ից տեղափոխվել են նոր ընտանիքներ։ Որդեգրման աշխատանքը համակարգում է «Դինգո թիմ» կազմակերպությունը։
ՀՈԱԿ-ից նշում են՝ առանց խնամքի, կերի, սիրո և հոգատարության մնացած ու պայթյունների ձայնից սարսափած կենդանիների համար այս նախաձեռնությունը պարզապես փրկություն էր և ավելի լավ կյանք ունենալու իրական հնարավորություն։ Նաև ընդգծում՝ այս ամենին զուգահեռ Երևան քաղաքում աշխատանքները կատարվել և շարունակում են կատարվել անխափան և բնականոն տեմպով։