Բանտային օրագիր. երկուսից երկու․ վարչապետի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․
Բանտային օրագիր. երկուսից երկու
18-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Այս տարվա կարկտաշունչ եղանակը չի շրջանցում անգամ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերը։ Չեք հավատա, բայց բանտային իմ խցում կարկուտի տակ ընկա։ Պառկած էի հարմարավետ նառիս ու ականջակալներով երաժշտություն էի լսում։ Մեկ էլ՝ հարված, էլի հարված՝ ուղիղ գլխիս։ Տեղիցս վեր թռա՝ տեսնեմ կարկուտ է ներս լցվում կրկնակի ճաղապատ պատուհանից։
Սա այն դեպքում, երբ մեր ռեշից երկնքի 40x40 սմ չափերի մի կտոր է միայն երևում։ Երբեմն նույնիսկ դժվար է լինում որոշել՝ ամպամա՞ծ է երկինքը, թե՞ պարզկա։ Չնայած սրան, ահա այսպիսի միջադեպ տեղի ունեցավ։ Հետաքրքիրն այն է, որ ազատության մեջ երբեք կարկուտի տակ չեմ ընկել և հաստատաբար՝ չէի էլ ընկնի։ Ո՞վ կմտածեր, որ կարկուտի տակ ընկնելու լավագույն տեղը ԿԳԲ-ի պադվալն է։
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, բացի կարկուտի տակ ընկնելուց, այլ սովորություն էլ եմ ձեռք բերել։ Խոսքը նարդի խաղալու մասին է։ Ազատության մեջ նարդի խաղալ երբեք չեմ սիրել. այդ խաղն ինձ անհետաքրքիր է թվացել։ Մեր երկտեղանոց խցում հայտնվելու հենց առաջին օրը նկատեցի, որ գրապահարանի գլխին նարդի կա դրված։ Ու քանի որ առաջին օրերին ոչ հեռուստացույց ունեինք, ոչ էլ՝ գիրք, խցակիցս ասաց, որ կարող ենք նարդի խաղալ։ Հրաժարվեցի՝ պատճառաբանելով, որ չեմ խաղում այդ խաղից։ Բայց հետո, չեմ էլ հիշում ինչպես՝ համաձայնեցի։ Այդ օրվանից՝ ամեն օր մեր խցում նարդիական կրքեր են բորբոքվում։
Բանը հասնում է նրան, որ մեր բուռն արձագանքները գրավում են վերակացուների ուշադրությունը, և երբ նրանք բացում են «վալչոկը»՝ հետաքրքրվելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է, որպես կանոն՝ կամ ես եմ մեղադրում խցակցիս՝ զառ բռնելու մեջ, կամ ինքը՝ ինձ։ Նայած՝ տվյալ պահին ում է ժպտում հաջողությունը, և ով է խելագարվել զառի անարդարությունից։ Մի անգամ, սակայն, ես ինքս ամաչեցի իմ բերած զառերից և ինձ մեղավոր էի զգում խցակցիս առաջ։
Հա, ասեմ, որ առայժմ միայն կարճ նարդի ենք խաղում, և ահա հերթական օյինի վերջում ամեն ինչ վկայում էր այն մասին, որ ես պետք է մարս լինեմ կամ առնվազն՝ տանուլ տամ օյինը։ Մրցակիցս փակել էր իր դաշտի բոլոր տները, բոլոր քարերը ներս էր լցրել և սկսել էր «դուրս գալ»։ Իսկ ես երկու գյալա ունեի։ Եվ ահա՝ մրցակիցս այնպիսի զառ բերեց, որ պիտի բացեր 6-ի տունը՝ շեշխանեն։ Այստեղ եղած քարերից մեկը հանեց, մյուսը՝ ծալեց։ Այդ պահից պրոցեսները զարգացան այնպես, որ ես անմիջապես թղթի վրա արձանագրեցի տեղի ունեցածը՝ որևէ դետալ չմոռանալու և չշփոթելու համար։
Գրեթե համոզված եմ, որ ընթերցողը չի հավատալու, բայց լրագրողական պարտքս պարտադրում է, որ ամեն ինչ ներկայացնեմ վերին աստիճանի ճշգրիտ։ Ահա, ուրեմն՝ երբ խցակից-մրցակիցս բացեց 6-ի տունը, միանգամից 6x6, այսինքն՝ դուշեշ բերեցի. այդպիսով, իմ երկու գյալաները ոչ միայն խաղ վերադարձան, այլև բավականաչափ առաջ գնացին։ Բայց սա ամենը չէ. հետագայում իրար ետևից բերեցի հետևյալ զառերը. 5x5՝ դուբեշ, 5x5՝ դուբեշ, 6x6՝ դուշեշ, 3x3՝ զույգսե, 2x2՝ դուբարա, 4x4՝ դորդջհար, 4x2՝ ջհարուդու՝ որպես տրամաբանական ավարտ։
Այսպես՝ օյինն ավարտեցի իմ օգտին, բայց զառի պարգևած այս հրավառությունից երկար ժամանակ ոչ ես էի ուշքի գալիս, ոչ մրցակիցս։ Եվ խոստովանեմ՝ եթե որևէ մեկը ինձ պատմեր, որ նման բան է տեղի ունեցել, և ինքը դա սեփական աչքերով է տեսել՝ չէի հավատա։ Գիտեմ, որ շատերն իմ պատմածն էլ են նարդիական փչոցի համարելու. միակ հույսս այն է, որ ԱԱԾ գաղտնի տեսախցիկները արձանագրել են այդ պատմական օյինը, և երբևէ հնարավորություն կունենամ ապացուցել, որ պատմածս լրիվ ճշմարտություն է։
Ու չնայած, ինչպես խցակիցս է ասում՝ «զառս երգում է», մեր սկզբունքային հակամարտության մեջ ես մինչ օրս հետապնդողի դերում եմ։ Պատկերացրեք՝ մրցակցությունը ինչ սկզբունքային բնույթ է ստացել, որ հաշիվները արձանագրում ենք թղթի վրա։ Այս պահի մրցաշարային վիճակը հետևյալն է. 26 թայլա մրցակիցս է հաղթել, 22 թայլա՝ ես։ Օյինների հաշվարկով, մրցակցիս առավելությունը ավելի մեծ է, բայց արձանագրված հաշիվը ինձ համար մեծ հաջողություն է, որովհետև խցակիցս առնվազն 30 տարվա նարդի խաղալու ստաժ ունի, իսկ ես գործնականում նոր եմ սկսում խաղալ։
Հիմա նայում եմ մեր ընդհանուր հաշվին և զարմանում, որովհետև ազատության մեջ գտնվելու ավելի քան 30 տարվա ընթացքում երևի թե 20 թայլա կարճ նարդի չեմ խաղացել։ Արդարությունը ստիպում է խոստովանել, սակայն, որ սկզբնական շրջանում տեսնելով, որ թույլ խաղացող եմ՝ խցակիցս որոշեց լրջորեն զբաղվել իմ որակավորման բարձրացմամբ, և հիմա խոստովանում է, որ չափազանց ընդունակ աշակերտ եմ։
Էն էլ ասեմ, որ մեր նարդու մեջ ինտրիգ մտավ, և հաշիվները որոշեցինք արձանագրել, երբ սկսեցի դիմադրություն ցույց տալ և նույնիսկ՝ հաղթել։ Հիմա մրցակցիս համար գերնպատակ է ոչ միայն ուղղակի ինձ հաղթելը (ինքը սա համարում է ինքնին հասկանալի մի բան) այլ 0-ով հաղթելը։ Երբեմն նույնիսկ խաղից առաջ պայման է դնում. եթե հաղթի 6-0 հաշվով, նախկինում արձանագրված որևէ հաշիվ, որ ստվերում է նարդու վարպետի նրա համարումը, ջնջում ենք մրցաշարային մեր հաշվապահությունից։
Որպես կանոն, ես ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար։ Այսպիսի թայլաների ընթացքում մեր խցի մթնոլորտը թեժանում է անհնարինության չափ, և երբեմն թվում է՝ պողպատե կրկնակի ճաղավանդակը կհալվի թեժացած այդ խաղից։ Որևէ հաշիվ, սակայն, մինչև օրս չի ջնջվել, որովհետև սկզբունքային այդ թայլաները ավարտվել են ոչ 0-ական հաշվով։ 0-ական հաշիվներ, այնուամենայնիվ, արձանագրվել են, բայց դրանք խաղացվել են առանց նախապայմանի։ Մրցակցիս հաջողվել է 7 անգամ 0-ով հաղթել ինձ, 4 անգամ էլ ես եմ հաղթել 0-ով։ Ինձ ոչ մի անգամ չի հաջողվել 6-0 հաշվով հաղթել, բայց մի անգամ պարտվել եմ այդ հաշվով։
Կարճ ասած՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակամարտությունը առաջիկայում մարելու ոչ մի տարբերակ չունի և ընդհակառակը՝ թեժանալու է գնալով։ Այս է պատճառը, որ պայքարը ընթանում է ոչ միայն բուն նարդիի ընթացքում, այլև դրանից առաջ և հետո։ Մեզնից յուրաքանչյուրը փորձում է հակառակորդին մարտահրավեր նետել իրեն ամենահարմար պահին, երբ առավելագույնս տրամադրված է խաղի։ Բուն խաղի ընթացքում մենք հաճոյախոսություններ ենք շռայլում զառի հասցեին, իսկ երբ նրա կողմից համարժեք վերաբերմունքի չենք արժանանում՝ շան լափ ենք թափում ուխտադրուժ զառի գլխին։
Սկզբնական շրջանում խցակիցս ինձ հաճախ էր հուշում, թե ինչ է պետք խաղալ, և ես միանշանակ վստահում էի նրա հորդորներին։ Այժմ ավելի քչախոս է դարձել և երբ ինչ-որ տարբերակ է հուշում, ես չեմ կորցնում զգոնությունս. չլինի՞ որևէ դավադրություն կա այդ առաջարկի տակ։ Իջևանցի ընկերներիցս մեկը մի այսպիսի հայտնի պատմություն ունի. մի երրորդ ընկերոջ հետ նարդի խաղալիս է լինում և նրան անընդհատ հուշում է, թե ինչ է պետք խաղալ։
Ի վերջո՝ հերթական «օգնությանը» ի պատասխան՝ հակառակորդը նկատում է. «Բայց եթե այդպես խաղամ՝ մարս կլինեմ»։ «Բա իմ ուզածն էլ դա է...»,– առանց որևէ բան թաքցնելու՝ խոստովանում է ընկերս։ Բայց նրա հակառակորդն էլ ազնիվ տղա է լինում. խաղում է ընկերոջս առաջարկած տարբերակը և մարս լինում։ Ահա այսպիսի պատմություններ են լինում նարդու մրցավեճերի ժամանակ, և նարդին, թերևս, միակ խաղն է, որ չրխկթրխկոցի, կատակի, լեզվակռվի տակ ստրատեգիական լուրջ պայքար է պարունակում։
Բայց դե՝ այնպես չէ, որ ամբողջ օրը նարդի ենք խաղում. սա անում ենք գրել-կարդալու արանքում։ Չնայած, մեր մեջ ասած, ընդհատակում ավելի շատ ժամանակ էի տրամադրում ընթերցանությանը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ավելի շատ տրամադրում եմ գրելուն կամ՝ գրելիքը պլանավորում։ Ազատության մեջ նույնիսկ՝ հետաքրքիր բան գրելը որոշակի դժվարության հետ է կապված, իսկ բանտում՝ առավելևս։ Չնայած՝ այս պահի դրությամբ, ամեն ինչ ընթանում է այնպես, որ գրելիքի պակասություն չեմ ունենալու։ Բայց դա, անկեղծ ասած, կախված է ոչ թե իրադարձությունների զարգացման այս կամ այն սցենարից, այլ ընթերցողի հետ և ընթերցողի կողքին լինելու ցանկությունից, իսկ իմ այդ ցանկությունը, չեմ կարծում, թե երբևէ մարի։
Երբեմն ասում են, թե ամեն օր գրելը կարող է սպառել։ Իմ փորձը, սակայն, բոլորովին ուրիշ բան է ցույց տալիս. արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու՝ թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում։ Եվ հետո, որևէ մեկը ուսուցչին սպառում չի կանխատեսում, չնայած նա ամեն օր աշխատանքի է գնում և դասարան է մտնում ամեն օր։ Այնպես որ՝ գործ ա, անում ենք, էլի։
Հ.Գ. «Բանտային օրագրի» այս գլխի ստեղծումը մի քանի անգամ ընդհատվեց նարդու թայլաներով։ Մենք հույս ունեինք, որ այնպիսի հաշիվներ կամ իրադարձություններ կարձանագրվեն, որ արժանի կլինեն՝ այս հոդվածում հիշատակվելու։ Թայլաները, սակայն, ընթացան փոփոխակի հաջողությամբ, և այդ ընթացքում ոչ մի արժանահիշատակ իրադարձություն կամ հաշիվ չարձանագրվեց։ Նկատի ունեմ՝ մրցաշարային վիճակում ոչ մի էական փոփոխություն չկա։