Բացել լրահոսը Փակել լրահոսը
1035909
A A
Քաղաքականություն

«Միջազգային հանրությունը թույլ տվեց հայերին մեռնել. Արցախը հայկական տարածք եւ հող է». Վալերի Բուայե (տեսանյութ)

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին Բուայեն ասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկման ընթացքում:

«Չէի կարծում, որ այս դահլիճում նորից կխոսենք էթնիկ զտումների մասին: Ցավում եմ, բայց մեր լռությունը դրա պատճառն է եղել: Որևէ բան չի արվել Հայաստանի համար, որևէ բան չի արվել, երբ հազարավոր հայեր տեղահանվել են: Մեր պետությունը մնացել է չեզոք, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահը պետք է լինի չեզոք: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներ են գործում: Մնալ չեզոք, նշանակում է նորից մեր եղբայրներին, քույրերին, հայերին թողնել մենակ այս ագրեսիայի դեմ»,- ասաց Բուայեն:

Նրա խոսքով՝ հումանիտար օգնությունից բացի Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չարեց. «Բառերը քիչ են ասելու, որ հազարավոր հայեր են ոչնչացվում: Մեր լրագրողները վկայել են հայերի խեղված մարմինների եւ տեսանյութերի մասին: Ալիեւի ասած «շներ» բառն արձագանք չստացավ: Ադրբեջանն արգելված, ֆոսֆորային զենքեր էր կիրառում: Մնալ չեզոք, երբ գիտես, որ Թուրքիան վարձկանների է կիրառում, երբ գիտես, որ Թուրքիան եւ Ադրբեջանն էթնիկ զտումներ են անում, նշանակում է՝ լքել բարեկամ Հայաստանին, ականատես լինել ցեղասպանությանը. երեկ՝ սիրիացիներն ու քրդերը, այսօր՝ նորից հայերը: Չեզոք մնալ՝ նշանակում է ընտրել ճնշողի ճամբարը: Այդ նույն Թուրքիան ունի ծավալապաշտական նկրտումներ, ուզում է Արցախում իր դրոշը դնել, ներխուժել Կիպրոսի եւ Հունաստանի տարածքներ, ջիհադիստներին կոչ է անում վերջ դնել հայերին: Այս ամենը սարսափելի է»:

Պատգամավորը նշեց, որ միայն Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել այնտեղ բնակվող անձանց անվտանգության երաշխիքը:

«Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը: Փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք: Անկախությունը միակ երաշխիքն է այնտեղ ապրող անձանց անվտանգության, դա միակ երաշխիքն է խաղաղության: Ֆրանսիան պետք է լինի առաջին երկիրը, որ կճանաչի այդ անկախությունը»,- նշեց պատգամավորը: