Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանձնաժողովը մերժեց ԼՀԿ-ի՝ ռազմական դրությունը հանելու մասին նախագիծը (տեսանյութ)

Այսօր, երկու անգամ հետաձգված Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երրորդ անգամ արդեն կայացավ։ Նիստի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծն է, որով առաջարկվում է չեղարկել ռազմական դրությունը։ Հարցի հիմնական զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ պայմանագիը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո եղան հայտարարություններ, որ այլևս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետևաբար՝ այն բոլոր հիմքերը, որով բերվել է ռազմական դրությունը վերացել են։

Ըստ Գորգիսյանի՝ ռազմական դրությունը բերելու հիմնական մեխն այն էր, որ ՀՀ-ին սպառնում է ռազմական գործողությունների վտանգ և մեզ պետք է լինելու զորահավաք։ Պատճառները կարելի է համարել վերացած․, սակայն սահմանփակումները շարունակում են գործել և սա ունենում է նաև տնտեսական հետևանքեր,-նշեց Գորգիսյանը։

Նրա խոսքով, օրինակ՝ շատ են ՀՀ քաղաքացիները, ովքեր երկքաղաքացիություն ունեն և կարող էին մեկնել արտագանա աշխատանքի, բայց այս պարագայում նրանց համար արգելված է երկրից դուրս գալը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե Պաշտպանական գերատեսչության հետ պատշաճ քննարկում եղե՞լ է մինչ նախագծի ներկայացումը։

Ի պատասխան Գորգիսյանն ասաց՝ նոյեմբերի 10-ին Էդմոն Մարուքյանը հանդիպել է Գլխավոր շտաբի պետի հետ, այն ժամանակ Օնիկ Գասպարյանը ասել է, որ իրեն պետք է մոտ 7 օր ժամանակ, որպեսզի որոշակի անվտանգային խնդիրներ լուծվեն, այսինքն՝ ամսի 17-ից հետո Գասպարյանի համար ընդունելի է եղել ռազմական դրության չեղարկումը։

Գորգիսյանը նաև հավելեց, կա վարչապետի, ՌԴ նախագահի և արտգործնախարարի հայտարարություններ, որ անվտանգային հարցերը արդեն լուծված են, հետևաբար՝ այլ քննարկում անհրաժեշտ չէ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, կարծիք հայտնեց, որ կարող է քննարկվել մասնակի չեղարկան հարցը, օրինակ՝ արտագնա աշխատանքի մեկնողները կարողանան լքել երկիրը։

Հանձնաժողովում Կառավարության ներկայացուցիչն էր Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Վերջինս նշեց, որ միանգամից չեղարկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Որպես օրինակ, Կառավարության ներկայացուցիչը բերեց հումանիտար ապրանքների ներմուծման արտոնությունը։

«Մեր սփյուռքի հայրենակիցների և բարեգործական ընկերությունների կողմից բավականին լուրջ աջակցություն է եղել և մենք կարողացել ենք կանխել հումանիտար ճգնաժամը»։

ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանը, իր հերթին ներկայացնելով պաշտպանական գերատեսչության տեսակետը, նշեց, որ խնդիր կա սահմանների պահպանության հետ կապված․

«Ո՞նց ենք տեսնում դրա լուծման ուղիները, մեր անձնակազմը այսօր հոգնած է, 44 օր մարտական գործողություններից հետո խնդիր ունի հանգստանալու, վերակագնվելու։ Ծնողների բողոքները շատ տեղին են՝ ինչպես է կազմակերպվելու երեխաների հանգիստը, հերթափոխը, ծառայությունը։ Ունենք մոտ 520 կմ լրացուցիչ տարածք, որի պահպանությունը պետք է կազմակերպենք։ Արդյո՞ք մտածել ենք այդ ուղղությամբ՝ ինչպե՞ս ենք դա կազմակերպելու»։

Բաղդասարյանը հարց է բարձրացնում, եթե ռազմական դրությունը հանվի, ինչպե՞ս է կազմակերպվելու ծառայությունը սահմաններում, կարո՞ղ ենք հայտարարել զորահավաքային զորակակոչ և պահպանել սահմանները։

«Մենք կողմ ենք ռազմական դրության չեղարկմանը, եթե դա կատարվի փուլային տարբերակով»։ Բաղդասարյանը հավելեց․ «Եթե հանում ենք ռազմական դրությունը, ապա անմիջապես ընդունում ենք վարժական հավաքների անցկացման վերաբերյալ Կառավարության որոշումը»։

Գեներալ-մայրոը հայտնեց, որ փաթեթը պատրաստ է, բայց դեռ Կառավարությունում չէ։ Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ կարող ենք ձեռնարկել ռազմական դրության մեղմման գործընթաց և լավ կլինի, որ այդ գործընթացը նախաձեռնի Կառավարությունը, հաշվի առնելով նաև Պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը։

Այնուհետև Գորգիսյանին առաջարկեց մեկ շաբաթով հետաձգել նախագծի քննարկումը, ինչին Գորգիսյանը արձագանքեց․

«Մենք կարո՞ղ ենք վաղը արտահերթ նիստում որոշել, որ ռազմական դրությունը չեղարկվի օրինակ մեկ շաբաթից։ Կարո՞ղ ենք հիմա դրական եզրակացություն տալ նախագծին և սպասել Կառավարության ներկայացրած ժամկետներին։ Հիմա եթե մենք սա մերժում ենք, անորոշ ժամկետով կասեցնում ենք այս գործընթացը»։

Քննարկումներից հետո ի վերջո Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց դրությունը չեղարկելու ԼՀԿ-ի նախագծին։