Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess uxix
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը զիջում է դիրքերը. Skilling Open

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն անհաջող հանդես եկավ առցանց անցկացվող Skilling Open շախմատի խոշոր մրցաշարի երկրորդ օրը: Նա հինգ հնարավորից վաստակեց ընդամենը 1,5 միավոր, երկու անգամ քիչ, քան մրցումային առաջին օրը: 

Լևոն Արոնյանը նախ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, ապա պարտվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյի հետ հաշտություն կնքելուց հետո մեր շախմատիստը սևերով անսպասելի զիջեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային: Օրվա վերջին պարտիայում նա գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

10 տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և այժմ երկու մասնակիցների հետ բաժանում է 11-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել նիդեռլանդցի Անիշ Գիրին, որն ունի 6,5 միավոր:

Այսօր կկայանան վերջին հինգ տուրերը: Լևոն Արոնյանը հաջորդաբար կհանդիպի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի (3 միավոր), չինացի Դին Լիժենի (6), Անիշ Գիրիի (6,5), ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի (4,5) և ամերիկացի Հիկարու Նակամուրայի (5,5) հետ:

Հիշեցնենք, որ այս մրցաշարում 1-8-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստները մտնում են փլեյ-օֆֆ, որտեղ արդեն կգործի օլիմպիական մրցակարգը և պարտվողը դուրս կմնա պայքարից: