Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ի՞նչ ես եկել սենց. հելի Հերացի, տես ինչա կատարվում». քաղաքացին՝ Մանուկյանին (տեսանյութ)

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, Դաշնակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Կառավարության շենքի մոտ՝ միանալով իր կուսակցական ընկեր Գարիկ Ավետիսյանին, ով ևս այսօր հացադուլ է հայտարարել։

Մանուկյանի, նաև Ավետիսյանի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․ «Այսօր ես անժամկետ հացադուլ հայտարարում եմ ոչ թե ինչ-որ օտար հարստահարիչի դեմ, այլ հայտարարում եմ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով»։

Մանուկյանն ասաց՝ հացադուլը անձամբ իր դիրքորոշումն է, կարծում է, որ քաղաքական պայքարը շարունակվելու է հրաժարականի պահանջով․

«Վարչապետը, որը կապիտուլյացիոն մի հայտարարություն ստորագրել է գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ, երկուսուկես տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի, նաև այլ երկրների հետ, պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, նա օր առաջ պետք է գնա»։

Մանուկյանը համոզված է՝ անցած օրերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռին։ Ըստ նրա՝ հացադուլը իր կողմից արվող արդյունավետ տարբերակ կարող է լինել․ «Ամեն մեկը պայքարի որևէ արդյունավետ միջոց ընտրում է, ես համարում եմ, որ սա այն վերջին միջոցն է, որ կարող է դիմել ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկանը»։

Գեղամ Մանուկյանի հարցազրույցի ընթացքում նրան մոտեցավ մի մարդ, ով հայտարարեց՝ փնտրում է իր զոհված եղբոր մարմինը, 50 օր է՝ ԴՆԹ անալիզ է հանձնել, մինչև այսօր չի կարողանում գտնել եղբոր դիակը։ Մանուկյանը արձագանքեց՝ այսպիսի դեպքերը այսօր մեր երկրում մեկ կամ երկուսը չեն։