Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչ խոստում է տվել Ռուստամ Մուրադովը ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդին (տեսանյութ)

Դադիվանքի կարգավիճակը առայժմ  անորոշ է մնում։ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որն այս պահին գտնվում է Ստեփանակերտում,  «Ա1+»-ի  հետ հեռախոսազրույցում  ասաց՝ ամեն ինչ շատ  բարդ է,  ժամ առ ժամ ամեն բան փոխվում է։

 «Հետագա սահմանային փոփոխություններ կլինեն, թե ոչ, դրան ես չեմ տիրապետում։ Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի Դադիվանքը որպես գործող վանական համալիր մնա անվտանգ»,- «Ա1+»-ին փոխանցում է նա։

Եպիսկոպոսը հանդիպում է ունեցել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ․ «Ինքն ինձ ասաց, որ անհոգ եղեք, Սրբազան, վանքը գործելու է անվտանգ։ Նա ինձ հավաստիացրեց, որ ժողովուրդը կարող է գնալ-գալ ու խնդիր չենք ունենա»։

Ըստ Սրբազանի՝ Դադիվանքում վանական կյանքը շարունակվում է աշխույժ մնալ, մեր հոգևորականներն այնտեղ ամենօրյա աղոթքներ, ժամերգություններ ու պատարագներ են անում, ժողովուրդը շարունակում է  այցելել ։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Դադիվանքում պատարագ է լինելու, որին կմասնակցի նաեւ  Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Նա կարծում է՝  այդ օրը հնարավոր է որոշակիություն լինի։

Հիշեցնենք, որ մեր նկարահանող խումբը Դադիվանքում էր մեկ շաբաթ առաջ։ Այդ օրը  ռուս խաղաղապահները ժամանեցին  Դադիվանք, հանդիպեցին  վանահայր հայր Հովհաննեսին։   Վերջինս վստահ է՝  եթե Դադիվանքը հանձնվի Ադրբեջանին, այն կարժանանա նույն ճակատագրին, ինչ Նախիջեւանի մշակութային հուշարձանները։  Նա պնդում էր՝ ինքը դուրս չի գալու Դադիվանքից։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Այստեղ է գտնվում  նաեւ Դադեի գերեզմանը։

Դադիվանք  միջնադարյան վանական համալիրը գտնվում է  Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին։ Այս  տարածքն, ըստ եռակողմ հայտարարության, պիտի հանձնվի Ադրբեջանին։