Բոլոր այն հուշարձանները, որոնք այսօր մեր իրավասության տակ չեն, դրանց գոյությունը վտանգված է․ ԱՀ ԿԳՄ նախարարի խորհրդական (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի նախարարի խորհրդական , պատմաբան Մելանյա Բալայանը։
-Արդյո՞ք արդեն հայտնի է՝ որ հուշարձաններ են մնալու Ադրբեջանին հանձնվելիք տարածքներում։
-Անկեղծորեն ասած՝ չեմ կարծում, որ ամեն ինչ արդեն հստակեցված է, որովհետև ինչպես գիտեք, առայժմ զինադադար է, և բանակցություններ չեն եղել և կարծում եմ, որ բանակցությունների արդյունքում ամեն ինչ պարզ կդառնա՝ թե ինչ տարածքներ են հանձնվելու։
Այսօր, մեր հայրենիքի մեծագույն մասի կորստի հետ, մենք նաև անդառնալի կորուստներ ունենք մեր պատմամշակութային արժեքների առումով։ Եվ թվով չեմ կարող ասել, թե քանի հուշարձան է մնացել, բայց որ մեծագույն մասն է կորցված, ես մեծագույն ցավով եմ նշում դա։ Կարծում եմ, որ այս մասին չբարձրաձայնելը մեր կողմից հանցագործություն է, և մենք այս ամենը հնարավորինս արագ պետք է կարողանանք ցուցակագրել և դիմել միջազգային կառույցներին։ Չնայած որ կարող եմ նշել, որ շատ դեպքերում նրանք անզոր են լինում այդ արժեքների պահպանման գործում։ Ես չեմ վստահում, որ նրանք կարող են Ադրբեջանի դեմն առնել։
-Ո՞ր կառույցների հետ եք համագործակցում՝ հանձնվելիք մշակութային արժեքների փրկության համար։
-Մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, բայց, իհարկե, մենք որպես չճանաչված երկիր ստիպված ենք առավել շատ մեր հույսը դնել ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային հարցերով զբաղվող համապատասխան կառույցի վրա, որը պատերազմի առաջին օրվանից մեզ գործուն աջակցություն է ցույց տվել։
-Հակասական հայտարարություններ են հնչում մասնավորապես Տիգրանակերտի եւ Դադիվանքի հետ կապված։ Ի՞նչ կարող եք պաշտոնապես հայտնել։
-Ես, անկեղծորեն ասած, չգիտեմ բանակցությունները ինչ հունով են ընթանալու։ Նամանավանդ այս օրերին, որ երբեք չենք պատկերացրել, որ Մարտակերտի գյուղերը ևս պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որի մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Եվ հիմա ես դժվարանում եմ ասել՝ ինչ պիտի լինի մեր սրբավայրերի ճակատագիրը։
-Տիգրանակերտում բոլոր ցուցանմուշները հավաքվա՞ծ են։
-Այո, ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացուցչի՝ տիկին Խաչատրյանի հետ համատեղ մենք, բարեբախտաբար, գոնե այդ արժեքները տարհանել ենք և ապահով վայրում են գտնվում դրանք։ Բայց անշարժ հուշարձանները տեղում են, ինչն այսօր մեր մտահոգության պատճառներից մեկն է։
-Հիմա ի՞նչ վիճակ է Դադիվանքում, թույլատրվում է հայաստանցի զբոսաշրջիկների այցը և մինչև ե՞րբ այն բաց կլինի։
-Գիտեք, քաղաքական այս հեղհեղուկ պայմաններում ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ չեմ վստահում այն երկրին, որին զիջվել է այդ տարածքը։ Չեմ վստահում, որ Դադիվանք այցելելու հնարավորություն կունենանք։
-Երեկ համացանցում տարածվել էին Վազգեն Սարգսյանի արձանի նկատմամբ վանդալիզմի լուսանկարները։ Արդյոք այդ խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածք չէ՞ր։
-Դա իմ ասածի վկայությունն է։ Կրկնում եմ՝ ես չեմ վստահում նրանց և բոլոր այն հուշարձանները, որոնք այսօր մեր իրավասության տակ չեն, միանշանակ, ես իմ անձնական տեսակետը կարող եմ ասել, որ դրանց գոյությունը վտանգված է։