Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔՈ քաղաքացու որոշում
A A
Պաշտոնական

«Քաղաքացու որոշում»-ը երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Պետք է փաստել, որ հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ի վիճակի չեղավ դիմակայել սեպտեմբերի 27-ին սկիզբ առած Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և ադրբեջանական բանակի համատեղ հարձակմանը։ Թե ինչպես դա տեղի ունեցավ, կպարզի ապագայում ձևավորվելիք հետաքննող մարմինը` պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Սրան մենք հետամուտ կլինենք։
 
Հրադադարի մասին նոյեմբերի 10-ին եռակողմ տարածած հայտարարությունը եկավ փաստելու այդ իրականությունը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ հայտարարությամբ սկսած գործողությունների իրավազորությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որոշակի հարցեր է առաջացնում, նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային իրավունքի նորմերի պաշտպանելուն միտված միջազգային կառույցներն ու առանցքային պետությունները ողջունել են նման համաձայնությունն ու դրանից բխող գործողությունները։
 
Համաձայնությունը, որ կայացել է կողմերի միջև, մեծացրել է նոր պատերազմի հավանականությունը ավելի, քան այն կարելի էր պատկերացնել պատերազմից առաջ։ Իրավիճակը դուրս է եկել ԵԱՀԿ կարգավորման շրջանակից, մինչդեռ հենց ԵԱՀԿ անդամ երկրներին էր տրված հակամարտությունը հանգուցալուծելու միջազգային մանդատը։ Շարունակում են օկուպացված մնալ Արցախի Հանրապետության նույնիսկ այն տարածքները, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում հայկական են եղել։
 
Պետական ու քաղաքական շրջանակների հետ մեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։
Հանրության քաղաքական առաջնորդության այս ձախողումը իրական սպառնալիք է ստեղծում, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կսկսվեն զինված բախումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող դրականորեն ազդել ո՛չ Արցախի շուրջ ծավալվող գործընթացի, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ապագայի վրա։
 
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել նման զարգացումների բերումով անխուսափելի արյունալի բախման։
 
Մեր արյունը արդեն բավական հեղվել է։
 
Կողմերի նման պատրաստակամության դեպքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարող է իր ուժերի առավելագույնն ի սպաս դնել միջնորդական հանձնառությանը։ Բախումից ոչ մի կողմ չի շահելու, իսկ տուժելու է հայ ժողովուրդը Արցախում և Հայաստանում։ Դեռևս կա հնարավորություն սահմանադրականության սկզբունքով գտնել խնդրի հանգուցալուծմը։
Ժամանակն է վերաիմաստավորելու մեր գոյությունը և որդեգրելու իրական արժեքներ որպիսին են արդարությունը, անկախությունն ու համերաշխությունը։ Մեր կարճաժամկետ ապագա պատմությունը պետք է իմաստավորվի անդուլ աշխատանքով՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա յուրաքանչյուր քաղաքացու և մարդկանց, որոնց սիրտը ցավում է ավելի լավ Հայաստանի և ավելի լավ աշխարհի համար։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմին
16.11.2020թ.