Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետը քանիցս կրկնեց, որ Ալիևը պահանջում է Շուշին․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն ասում է, հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին անկումային տրամադրություն է ունեցել և խոսել է ռազմաճակատում տիրող վատ իրավիճակի մասին։ Վարչապետն ասել է, որ այդ մասին իրեն նամակով տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ն․Փաշինյանը նաև հայտնել է, թե Ալիևը Շուշինն էլ է պահանջում։

Այդ հանդիպումից երկու օր անց Ն․Դիլբարյանն իր մի քանի կուսակիցների հետ մեկնել է Արցախ, հանդիպել նախագահ Արայիկ Հարությունյանի ու մի շարք բարձրաստիճան սպաների հետ։ «Արցախում Արայիկ Հարությունյանը և Սեյրան Օհանյանը մեզ բոլորովին այլ բան ասացին, նրանք վստահեցրեցին, որ զենք կա և խնդիրը մարդիկ են։ Ա․Հարությունյանը խոսում էր 3-5 հազար կամավորականի մասին, Սեյրան Օհանյանը՝ 2500 հոգու մասին։ Ա․Հարությունյանն ասաց, որ նամակ գրել է, բայց հավելել է, որ բանակին վերաբերող տեղեկություններն այդքան ողբերգական չէին»,- պատմում է Ն․Դիլբարյանը։

«Ժառանգության» անդամները գնացել են նաև Շուշի, տեսել, որ քաղաքը կանգուն է, մոմավառություն կազմակերպել եկեղեցիներում և անկումային վիճակ չեն նկատել։ Ու նա զարմանում է, թե ինչպես հանձնվեց քաղաքը։

«Ես կարծում եմ, որ Շուշին չէր հանձնվի, եթե պայմանավորվածություն չլիներ։ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ պետք է հստակ բացատրություններ տա, թե ինչ կատարվեց։ Եթե մենք այսօր չհասկանանք, թե ինչ է կատարվել, ապա չենք կարողանա սրբագրել այդ անձնատվական փաստաթուղթը»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը։

Ն․Դիլբարյանը նաև գտնում է, որ պետք չէ շտապել ու իրականացնել հրադադարի հայտարարության պայմանները։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում