Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-mRFoixeRPC
A A
Քաղաքականություն

Ես որևէ ուժի չեմ միանա ու չեմ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Իմ քայլ»-ից դուրս եկած պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։

Ավելի ուշ լուրեր տարածվեցին այն մասին,որ անհայտ անձինք  մի քանի մեքենայով գնացել են Վարդան Աթաբեկյանի՝ Պտղնիում գտնվող առանձնատուն։

«Ա1+»-ի հետ զրույցում Աթաբեկյանը հայտնեց, որ իր տուն գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում այցելել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը, ինքը տանը չի եղել, մտերիմները տեսախցիկների միջոցով տեսել են անծանոթ մեքենաները, անհանգստացել և ահազանգել ոստիկանություն, ոստիկանության գալուց և դռները բացելուց հետո են միայն տեսել, որ պատգամավորներն են։

Մեր հարցին, թե արդեն կապ հաստատե՞լ է գործընկերների հետ՝ պարզելու նրանց գալու նպատակը, Աթաբեկյանն ասաց․

«Սպասում էի՝ լույս բացվի, կզանգեն, բայց մինչև հիմա չեն զանգել»։

Աթաբեկյանը նաև հավելեց մինչև խմբակցությունից դուրս գալը խմբակցության անդամների հետ քննարկում չի ունեցել, համարել է, որ ելք չկա, լուծումը միայն դա է և որոշում է կայացրել․

«Պատասխանատվություն ստանձնելու խնդիր կա, եթե լուռ ես մնում, ստանձնում ես այդ պատասխանատվությունը, հակառակ դեպքում պետք է դիրքորոշում արտահայտես»։

Վարչապետի այս որոշման մասին Աթաբեկյանն ասում է՝ առնվազն ինքը տեղյակ չի եղել, գործընկերներից շատերը կան, ովքեր ևս տեղյակ չեն եղել։

Մեր դիտարկմանը, թե իր որոշումից հետո քննադատություններ են հնչում, որ երկուսուկես տարիների ընթացքում եղել է ոչ ակտիվ պատգամավոր և 2,5  տարի առաջ Խորհրդարան է անցել Փաշինյանի վարկանիշի շնորհիվ,  Աթաբեկյանն արձագանքեց, թե իր համար տարօրինակ են այս քննադատությունները․

«Ես 2015 թվականից ՔՊ թիմի հետ ճանապարհ եմ անցել, այդ ճանապարհի արդյունքում եղել են ընտրություններ, որտեղ որպես քաղաքական թիմի անդամ, որը իր լուման ունի այդ քաղաքական թիմում, տրվել է ռեյտինգային ընտրակարգով պայքարելու տեղ, եղել են ազատ մրցակցային պայմաններ, 2700 ձայն հավաքելուց հետո չեմ անցել, մանդատը վայր է դրել մեկ պատգամավոր, ես անցել եմ։ Նշանակում է՝ դա կարելի է սեփականաշնորհե՞լ» ։

Աթաբեկյանը նաև հավելեց՝ քաղաքական թիմի հետ նախկինում էլ ունեցել է անհամաձայնություններ։

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե հնարավո՞ր է միանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերին, Աթաբեկյանը բացառեց․

«Ես որևէ ուժի չեմ միանա ու չեմ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իմ քայլը ուղղված է ոչ թե ընդդեմ իմ կուսակցության, թիմի, այլ ուղղակի ինքս անձնական խնդիրներ ունեմ, ես այդ հողի հետ շատ լուրջ կապեր ունեմ, իմ հայրը այդ հողում է զոհվել, ինձ ինչքան էլ համոզեն, իմ ուղեղը չի կարող ընկալել, բայց դա չի նշանակում, որ ես փորձում եմ իմ քաղաքական  թիմին դեմ գնալ կամ հարվածել։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է պահանջել ժողովուրդը, եթե այդ պահանջը ձևավորվի, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլին»։