Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրհեղեղներ Ադրբեջանում

Հասարակություն

Իդրակ Աբբասով, Կովկաս

Երբ Հարավային Կովկասի ամենամեծ գետը`Քուռը, դուրս եկավ ափերից, ստիպելով մոտ 30 հազար ադրբեջանցիների լքել իրենց տները, երկրի իշխանություններին մեղադրեցին անգործության մեջ:
Ադրբեջանում 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենաուժգին ջրհեղեղի ընթացքում մեկ մարդ զոհվել է, եւս 5 հոգու մահվան փաստը դեռ չի հաստատվել:

«Azertag» պետական լրատվական գործակալության տեղեկացմամբ`Ադրբեջանում 4 շրջան է ջրհեղեղի զոհ գնացել. 20 հազար տուն եւ ավելի քան 50 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր են վնասվել, 300 տուն ավերվել է, եւս 2000-ը`վթարային վիճակում են:

Ջրի հոսքը զսպելու հուսահատ փորձերն անհաջողությամբ պսակվեցին մայիսի 18-ի գիշերը, երբ հողապատնեշի 40 մետրանոց հատվածը փլուզվեց Սաբիրաբադի շրջանի Չիքիրդագ գյուղի մոտ:
Արդյունքում`ողջ գյուղը հեղեղվեց`դառնալով մինչ այժմ այդ ճակատագրին արժանացած թվով 12-րդը: Եւս 7 գյուղ եւ Սալյան քաղաքը նույնպես հեղեղվելու վտանգի տակ են:

Գյուղացիների խոսքերով`իրենց ոչ ոք չի օգնել վարարած ջրերի դեմ պայքարում. նրանք պնդում են, որ իշխանությունները լուրջ չեն ընդունել մասնագետների նախազգուշացումները մեծ ջրհեղեղի վտանգի մասին:

«Եթե մենք ժամանակին ապահովված լինեինք սարքավորումներով, իսկ մեր խնդրանքներին էլ ուշադրություն դարձնեին, Քուռի ջրերը չէին հեղեղի մեր տները», - դժգոհում է 59-ամյա Էյնալի Համիդովը, ով պատմում է, թե ինչպես էր Չիքիրդագի այլ բնակիչների հետ միասին ավազով լի պարկերը խելահեղորեն կիտել գետափին`ուժ չունենալով, սակայն, կանգնեցնել հեղեղը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ասում են, որ ամեն հնարավորն անում են, սակայն այլ պաշտոնյաները մեղադրանքներին այդպես էլ չարձագանքեցին:

«Մենք արձագանքում ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան է պատահում: Սակայն միեւնույն է`մեզ հետ զուգահեռ աշխատողներն իրենց ուժերի ներածի չափով կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել, օգնել են կանգնեցնել պատնեշը, փորել ջրանցքները», - ասում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակ Թուրալ Մուսեյիբովը:

Այն վայրերում, որտեղ մասնագետներին հաջողվել է վերականգնել պատնեշները եւ կանգնեցնել ջրի ներհոսքը, տեսարանը սարսափելի է: Աղետի գոտի այցելած IWPR-ի լրագրողին ապշեցրել էր գետի թողած աղբը` նեխող ձկներ, խեղդված կենդանիներ եւ չմշակված կեղտաջրեր: Ջրափոսերում մեծ քանակությամբ մոծակներ են բազմացել`հարձակվելով մաքրող բրիգադների վրա:

Ջրից քայքայված ցեմենտե պատերով տները փուլ են եկել, իսկ բերքն` ավերվել: Կասպից ծովի հարակից դաշտավայրերում գտնվող վնասված շրջաններում հիմնականում միրգ եւ բանջարեղեն էին աճեցնում: Այժմ այս շրջանները ճահճուտ են հիշեցնում, իսկ վարակների տարածման վերահսկման ուղղությամբ, կարծես, ոչ մի ջանք չի գործադրվում:

«Ես մասնակցել եմ Քուռի հողապատնեշի ամրացմանը: Հանկարծ պատնեշը քանդվեց, եւ ես մյուսների պես լքեցի գյուղը կնոջս ու երեխաներիս հետ: Այն ամենը, ինչ ես ունեի` երկու կով, մեկ ցուլ, հավերը, ճտերը, անցան ջրի տակ», - պատմում է Չիքիրդագից 50 կիլոմետր հեռու գտնվող Ուլաջալի գյուղի 37-ամյա բնակիչ Էթիբար Մամեդովը:

Մամեդովի պես բողոքում են հեղեղից տուժած բոլոր շրջաններում:
«Մեր վիճակը շատ բարդ է: Բոլորս`երեխաներով, ծերերով, հղի կանանցով, դպրոցում ենք ապաստանել: Ընդամենը մեկ զուգարան կա, իսկ բաղնիք ընդհանրապես չկա: Մեր ունեցած միակ ուտելիքն էլ հնդկացորենն ու շիլան է», - դժգոհում է Շիխլար գյուղի 42-ամյա բնակիչ Մադեր Ամանզադեն:

Հեղեղից տուժած գյուղերի բնակիչների համար վրանային ճամբար է հիմնվել Շիրվան քաղաքում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւն իր աշխատակազմի հետ արտահերթ հանդիպում է անցկացրել այնտեղ մայիսի 1-ին: Ճամբարում ապաստանած մարդկանց ուտելիք, ջուր, հագուստ եւ բուժօգնություն են տրամադրում:

Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարարության տվյալներով`Քուռ գետի երկայնքով վայրկյանում 2415 խորանարդ մետր ջուր է հոսում. սա 100 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է եւ ավելի քան երկու անգամ գերազանցում է ջրի սովորական հոսքը: Նախարարությունը նախազգուշացնում է, որ ե´ւ Ադրբեջանի, ե´ւ հարեւան Իրանի ջրամբարներն անհանգստացնող արագությամբ են լցվում:

Մասնագետների խոսքերով`ջրի մակարդակը բարձրացել է 20 օրվա ընթացքում եւ կրիտիկական աստիճանի է հասել. այս ամենի պատճառն, ըստ իշխանությունների, լեռներում եղած մեծաքանակ տեղումներն են եւ հալվող սառցադաշտերը:

Մայիսի 19-ին Ալիեւը հանձնարարեց վարչապետին գլխավորել աղետի հետեւանքների վերացմամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը: Նախագահը 400 միլիոն մանաթ է հատկացրել (500 միլիոն դոլար) այս նպատակով եւ հայտարարել, որ գույքի կորստի համար նախատեսված փոխհատուցման չափերը հետագայում կհաշվարկվեն:

Սակայն Սաբիրաբադ շրջանը խորհրդարանում ներկայացնող ընդդիմադիր պատգամավոր Փանահ Հուսեյնի խոսքերով`այս քայլերը չափազանց ուշացած են: Նա մեղադրում է իշխանություններին այն բանում, որ գետի ազատ հոսքի համար անհրաժեշտ հատակի խորացման աշխատանքներ չեն իրականացրել:

«Վերջին 15 տարիների ընթացքում Քուռի դելտան չի մաքրվել, պատնեշներ էլ չեն կառուցվել: Ջուրը ծով չի հասնում, դելտայում դրա խորությունն ընդամենը 25-30 սանտիմետր է: Տիղմը խցանել է ջրի ճանապարհը: Այս պաշտոնյաները յուրացրել են դելտայի հատակի խորացման եւ պատնեշների կառուցման համար բյուջեից հատկացրած միլիոնները», - ասում է նա:

Համապատասխան կառավարական մարմինների ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանել հնչած մեղադրանքները, սակայն մայիսի 19-ին Շիրվանում կայացած ժողովի ժամանակ «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ԲԲԸ նախագահ Ահմեդ Ահմեդզադեն փոխանցել էր նախագահին, որ պաշտոնյաներին անակնկալի էին բերել ծայրահեղ եղանակային պայմանները:

«Մենք ամրապնդման աշխատանքներ ենք իրականացրել, սակայն չէինք սպասում, որ այս տարի տեղումները նման ռեկորդային քանակի կհասնեն: Հետեւաբար, մեր կանխարգելիչ միջոցառումները անբավարար դուրս եկան», - հայտարարել է նա:

Իդրակ Աբբասովը «Այնա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):