Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Պաշտոնական

17 կուսակցությունների միասնական հայտարարությունը

Հայաստանյան 17 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ:

 

Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան:

Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք   մնացել են անպատասխան և չիրագործված: 

Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին:

Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը:

Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաև տարածքային լրջագույն կորուստների առջև: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական և բարոյական հիմքերից:

Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝

  1. ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացումը,
  2. իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը:

Սիրելի հայրենակիցներ,

օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով և այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

 

1

«Ազատություն» կուսակցություն

2

 

«Ազգային անվտանգություն» կուսակցություն

3

«Ազգային օրակարգ» կուսակցություն

4

 

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

5

«Ազգային համաձայնություն» կուսակցություն

6

«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն

7

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

9

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

10

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

11

«Համերաշխություն» կուսակցություն

12

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

13

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

14

«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն

15

«Հայրենիք» կուսակցություն

16

«Մեկ Հայաստան» կուսակցություն

17

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

 

 

09.10.2020 թ.