Մտահոգիչ է ոչ թե խիստ միջոցների շրջանառվելը, այլ որ այդ միջոցները համաչափորեն և հետևողականորեն չեն կիրառվում․ Բորիս Նավասարդյան
Աջակցիր «Ա1+»-ինԸստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ իշխանությունն առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարել, որոնց համաձայն՝ կխստացվի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար նախատեսված պատիժը, ընդհուպ առաջարկվում է 4-ից 8 տարի ազատազրկում՝ ռազմական դրության ընթացքում պետական պաշտպանության դեմ ուղղված քարոզչության համար։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ռազմական դրության ընթացքում կարող են լինել այնպիսի տեղեկություններ, որոնց տարածումը մեծ վնաս կարող է հասցնել պաշտպանական ռեսուրսներին, ուստի տվյալ դեպքում ցանկացած խիստ պատիժ կարող է հիմնավորված լինել․
«Այստեղ հիմնական մտահոգությունը այն է, որ այդ պատիժը օգտագործվի համաչափորեն։ Բացի դրանից մենք տեսնում ենք միտում, որը ընդհանրապես որևէ տեղեկատվության տարածման համար պարբերաբար ինչ-որ ավելի ու ավելի խիստ պատասխանատվություն է սահմանվում, այն դեպքում, երբ եղած մեխանիզմները, որոնք նույնիսկ կապված չեն ռազմական դրության հետ, հետևողականորեն չեն օգտագործվում։ Ամեն դեպքում մենք կցանկանայինք իշխանությունների կողմից տեսնել ավելի համաչափ և հասկանալի տրամաբանական գործողություն վտանգավոր և վնաս հասցնող տեղեկությունների տարածման առումով՝ օգտագործելով եղած իրավական հնարավորությունները»։
Նավասարդյանի խոսքով՝ եթե եղած մեխանիզմները չբավարարեն, ապա կարելի է նաև գնալ խստացման ճանապարհով․
«Այն, որ կարող են շատ ծանր պատիժներ լինել նույնիսկ տեղեկությունների տարածման համար, դա որևէ կասկած չի հարուցում որպես սկզբունք»։
Նավասարդյանը կարծում է՝ վտանգ ներկայացնող տեղեկատվության տարածումը պետք է իրեն համարժեք պատասխանատվություն կամ պատիժ ենթադրի, միայն խստացման միջոցով խնդրի լուծմանը հնարավոր չէ հասնել։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է ոչ թե որ խիստ միջոցներ են շրջանառվում, այլ այն, որ այդ միջոցները համաչափորեն և հետևողականորեն չեն կիրառվում․
«Եթե մենք տեսնում ենք, որ օրինակ, սոցիալական ցանցերում կան բազմաթիվ օգտատերեր, որոնք իրոք շատ վտանգավոր լուրեր են տարածում միայն այն պատճառով, որ իրենք սովորաբար կեղծանուններով են հանդես գալիս , հետևողականորեն իրենց տեղը վայրը, ինքնությունը չի պարզվում, բավարար միջոցներ դրա համար չեն կիրառվում, իսկ նրանք ովքեր հեշտ հասանելի են, բայց ֆորմալ առումով կատարում են խախտում, որից որևէ լուրջ հետևանք չի ենթադրվում, լինում են տուգանքների նշանակում կամ տեղեկությունների տարածման արգելափակում»։