Պատերազմական գործողություններից որքանո՞վ է տուժում բնությունը. քիմիական և այլ տեսակի զինտեխնիկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմներն ինքնին կործանարար ազդեցություն են ունենում էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա: Առավել կործանարար է այնպիսի քիմիական զինատեսակի կիրառումը, որը զանգվածային ոչնչացման է հանգեցնում:
Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց էկոլոգ Արևիկ Մկրտչյանը։ Մկրտչյանի խոսքով՝ մեր տարածաշրջանը մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից ճանաչվել է որպես ամենահարուստ թեժակետերից մեկը, այսինքն՝ պաշտպանվում է համաշխարհային մակարդակով, դա համաշխարհային բնական ժառանգություն է․
«Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ պահպանելու մյուս սերունդների և բոլոր ժողովուրդների համար»,- նշեց էկոլոգը։
Բացի դա՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում մի շարք կարմիր գրքային հազվագյուտ կենդանատեսակներ են բնակվում և իրենց միգրացիան են կատարում՝ Հայաստանից դեպի Արցախ, Արցախից դեպի Իրան և Ադրբեջան, այսինքն, տվյալ կենդանատեսակները պահպանվում են ռեգիոնալ մակարդակով, որոնցից է, օրինակ, կովկասյան հովազը, որից աշխարհում մնացել է առավելագույնը 1000 կենդանի, այն պահպանվում է տարածաշրջանի երկրների կողմից։
Էկոլոգն ընդգծեց, որ պատերազմներն ավարտվում են, սակայն անհետացած կենդանիներին այլևս հետ բերել հնարավոր չէ, և սա համաշխարհային մարդկության կորուստն է։
ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միաքյանը հավելում է՝ այն տարածքներում, որտեղ օգտագործվել են ֆոսֆորային զենքերը, փոխվելու է ամբողջ բիոֆլորան։ «Սպիտակ ֆոսֆորը օգտագործվել է առաջին համաշխարհային պատերազմում, Վիետնամում, Չեչենական պատերազմում, իսրայելա-լիբանանյան բախման ժամանակ»։
Սպիտակ ֆոսֆորի ազդեցությունը օրգանիզմի վրա աղետալի է, այն երկար ժամանակ կարող է մնալ օրգանիզմում և կարող է նույնիսկ գենետիկ հետևանքներ ունենալ․ «Առողջ և հասուն մարդու համար 50-150 միլիգրամ սպիտակ ֆոսֆորի չափաբաժինը կարող է մահաբեր լինել»։
Սպիտակ ֆոսֆորը կարող է ներթափանցել օրգանիզմ և՛ աչքերի, և՛ շնչուղիների միջոցով, կարող է կուտակվել լյարդում, թոքերում, փայծաղում և հանգեցնել շատ բարդ հիվանդությունների,-նշում է բանախոսը։
Հնէաբան Իվան Գաբրիելյանի խոսքով՝ անտառների կրճատումը կբերի տարածաշրջանային աղետների։ «Մենք կկորցնենք այն հազվագյուտ տեսակները, որոնք անհրաժեշտ են և՛ բնությանը, և՛ մարդուն»։