Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Անցնող գիշեր Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Այդ մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք։ Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Այս պահին մարտերը շարունակվում են»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել, տապալված են։

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են»։