Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. Աննա Նաղդալյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության համար ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման այս փուլում առաջնայինը կրակի դադարեցումն է: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այս օրակարգով է Զոհրաբ Մնացականյանը մեկնում Ժնև` մասնակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հետ հանդիպմանը:

«Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ասաց Նաղդալյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 29-ին, սակայն կայանալու է հոկտեմբերի 30-ին, Աննա Նաղդալյանը նշեց, որ օրվա փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շարունակում է մնալ Երևանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Արտաքին գործերի նախարարության կողմից հետ էր կանչվել` խորհրդակցությունների նպատակով: 

«Այս պահի դրությամբ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել»,- ասաց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ ՀՀ-ն սկզբունքային դիրքորոշում ունի Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առումով:

«Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ ամսվա ընթացքում»,- ասաց Նաղդալյանը:

Նաղդալյանը հավելեց, որ ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը (Իսրայելը- խմբ.), ցեղասպանություն վերապրած ժողովուրդն աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող ու ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների: