Կստեղծվի աշխարհազոր․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում ավարտվեց՝ երեկ հոկտեմբերի 27-ին մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում բացառապես ռազմական դրության առնչվող հարցեր էին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Ըստ այս փաթեթի՝ ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը: Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Այսպիսով՝ աշխարհազորում կարող են ընդգրկվել անձինք, ովքեր կամավոր են, բայց համապատասխան զինվորական պարտավորություն չունեն:
Աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, տրամադրվելու զինվորական համազգեստ, և նշանակվելու է համապատասխան պաշտոնի․
«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ»,- ներկայացրեց Բալայանը հավելելով, որ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից․
«Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- ասաց Բալայանը:
Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը: