Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 27-ը հոկտեմբերի․ Գարեգին Բ-ն հայտնում է ԱԺ-ի ահաբեկչության մասին (տեսանյութ)

1997-ի հոկտեմբերի 27-ին արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը Գրողների միությունում ներկայացնում է իր ընկերոջը՝ Անդրեյ Բիտովին: Այստեղ ռուս դասականին նվիրում են նկարներ, նաեւ դաշույն, որը համբուրում է մարդասեր արձակագիրը, ընթերցում պաշտպանության նախարար, արձակագիր Վազգեն Սարգսյանի խոսքը: Այս ամենից հետո Հրանտ Մաթեւոսյանը հայտարարում է՝ իմ երկրորդ սերը Վանո Սիրադեղյանն է: Հենց վերջինս էլ Երեւանի քաղաքապետի կարգավիճակում Բիտովին շնորհեց Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչում: Ազգային Ժողովի պատգամավոր Արա Սահակյանը 1998-ի հոկտեմբերի 27-ին իշխանություններին առաջարկում է կերակրել սոված ժողովրդին եւ ոչ թե քննադատել նախկիններին: «Եթե մեղավոր լինեինք, վաղուց էիք ձեռքներս ոլորել ու տարել»,-նոր իշխանություններին ասում է նույնիսկ ՀՀՇ-ից հեռացված պատգամավորը:

1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի ԱՊՀ գծով տեղակալ Սթրոբ Թելբոթը։ Նրան ընդունում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ է նաեւ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Հենց հանդիպման ընթացքում լրագրողներին պարզաբանումներ է ներկայացնում Քոչարյանի մամուլի խոսնակը։ Վահե Գաբրիելյանն ասում է, որ հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն է։ Այս օրերին հրաժարականներ են ներկայացնում Ադրբեջանի պետական պաշտոնյաները, մեր մոտ, ըստ Գաբրիելյանի, նման բաներ չեն նախատեսվում։ Հայաստանի խորհրդարանում տեղի է ունենում Երրորդ հանրապետության ամենածանր հանցագործությունը: Նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինված մարդիկ մտնում են նիստերի դահլիճ եւ գնդակահարում Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ 5 պատգամավորի: Միայն 5 ժամ հետո է նախագահի ապարատը հայտարարում, որ զոհվել են խորհրդարանի ղեկավարն ու վարչապետը: Ահաբեկիչները հանդիպում են պահանջում Ռոբերտ Քոչարյանի հետ՝ գա, նստի, խոսենք:

Հայաստան է ժամանում ռուսական Ալֆա ջոկատը: Դահլիճում պատանդներ կան: Հենց ահաբեկչության ընթացքում Էջմիածնի Մայր Աթոռում տեղի է ունենում Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը: Քվեարկողների մեջ են Վազգեն Սարգսյանի եղբայրը, Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը, որը մեծ ուրախությամբ լուսանկարվում է դեռեւս կաթողիկոս չդարձած Գարեգին արքեպիսկոպոսի հետ: Նրա մրցակիցը կաթողիկոսի տեղապահ Ներսես Պոզապալյանն է :

Կաթողիկոս ընտրվելուց հետո Գարեգին Ներսիսյանի առաջին խոսքը հենց խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին է։ Խորհրդարանում երեկոյան արդեն թույլ են տալիս նիստերի դահլիճից դուրս բերել սպանվածների մարմինները: Միայն դրանից հետո խորհրդարան է գալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Հունանյանին եւ իր խմբին երաշխիքներ է տալիս, որ իրավապահներին հանձնվելուց հետո չի սպանվի եւ հաշվեհարդար չի լինի: Լուսադեմին Նաիրի Հունանյանն իր խմբով հանձնվում է Հայաստանի իրավապահներին: Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի համար 2000 թվականի հոկտեմբերի 27-ին դեռ պարզ չէ նախորդ տարվա այս օրը 8 պետական պաշտոնյայի սպանության պատճառ դարձած հանցագործության շարժառիթները ։

Գործից առանձնացվել է կազմակերպիչների մասը, այս մասով պարոն Ջհանգիրյանն ասելիք չունի։ Հոկտեմբերի 27-ի օրերին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեկ տարի հետո այլեւս նախարար չէ։ Եվ ինքը եւ քաղաքապետ Ալբերտ Բազեյանը չեն բացառում, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից առաջ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի առաջ խնդիր է դրվել դիտարկել Մեղրին հարեւան երկրների այլ տարածքներով փոխանակելու տարբերակը, որի մասին առաջինը խոսեց Աշոտ Մանուչարյանը։

Նույն օրը զինվորական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պարզաբանում է, թե ինչու մեկ տարվա ընթացքում Գագիկ Ջհանգիրյանի խմբին չհաջողվեց բացահայտել հոկտեմբերի 27-ը։ 2003-ի հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի որդու գլխավորած ընդդիմությունը երթով շարժվում է Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հուղարկավորված է Կարեն Դեմիրճյանը: