Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զառա Ամատունի
A A
Քաղաքականություն

Կարմիր խաչն այս պահին որևէ մարդասիրական գործողության մեջ ընդգրկված չէ․ Զառա Ամատունի

«Մենք այս պահին դեռևս որևէ մարդասիրական գործողության մեջ ընդգրկված չենք»,- այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք օրվա ընթացքում կարողացել են որոշակի աշխատանքներ իրականացնել  առաջնագծում դիակների դուրսբերման առումով կամ ռազմագերիների հետ շփումների առումով, քանի որ առավոտյան ժամը 8։00-ից հայտարարված է հրադադար։

Հավելենք, որ Կարմիր խաչը իր գործողությունները պետք է սկսի երկու կողմերի հետ համաձայնեցման դեպքում։

Հիշեցնենք՝   պաշտոնական Երևանն ու Բաքուն երեկ ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որն ուժի մեջ մտավ այսօր՝ հոկտեմբերի 26-ին` առավոտյան 8-ին, ինչը, սակայն, հակառակորդը կրկին չպահպանեց։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրեց՝ չնայած հայկական կողմի ցուցաբերած զսպվածությանը՝ ձախողվեց արդեն երրորդ հրադարադարը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս արձանագրել է՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: