Դրամահավաք ծնողների՞ կամքով
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՆ նախարարության «Վերջին դասը դպրոցին վայել» անցկացնելու կոչը ամեն մի դպրոց ընկալում է յուրովի:
Անկախ մշտապես հնչող հորդորներին, որ «Վերջին զանգը» պետք չէ դրամահավաքության առիթ դարձնել, միեւնույնն է այս երեւույթը կրկնվում է:
Ավարտական դասարանների աշակերտները, ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ «Վերջին զանգի» արարողությանը սկսել են պատրաստվել մի քանի ամիս առաջ: Այս մասին պարզեցինք` այցելելով երեւանյան մի քանի դպրոցներ:
Աջափնյակի թիվ 188 դպրոցի մի քանի աշակերտների խոսքերով` ավարտական միջոցառումների շուրջ քննարկումները սկսել են դեռեւս մարտ ամսից: «Հիմնական որոշումները ակնարկի տեսքով կայացրել է դասղեկը, իսկ ծնողները հաստատել են ամբողջ ծախսերի համար նախատեսվող գումարի չափը»,-ասաց աշակերտներից մեկը:
Ըստ նրա` յուրաքանչյուր աշակերտից կհավաքվի 80 000 դրամ, որը նախատեսված է վերջին զանգի միջոցառման, դրան հաջորդող երեկոյի, նաեւ միջոցառման համար գրված սցենարի, նկարահանման, ծաղիկների, ինչպես նաեւ տնօրենի ու դասղեկի համար նախատեսվող նվերների եւ այլնի համար: Իսկ նվերները, աշակերտների խոսքերով, կլինեն ոսկյա զարդեր:
Աշակերտների խոսքերով` բացի այս գումարից, 15 000 դրամ էլ կհավաքեն ավարտական 6 քննությունների ընթացքում ուսուցիչների համար նախատեսվող հյուրասիրության համար, իսկ ընդհանուր գումարի չափը թերեւս կհասնի շուրջ 1,5 մլն դրամի:
«Տարեցտարի գնալով դպրոցներում հավաքվող գումարի չափն ավելանում է,-ասում է աշակերտներից մեկն ու ավելացնում,-Ծնողները չհամաձայնվեն, ի՞նչ պետք է անեն, ստիպված են, էլի»:
Ասել,որ միանման պատկեր է բոլոր դպրոցներում, ճիշտ չի լինի, քանի որ դպրոցներում հավաքվող գումարի չափը տարբեր է:
Օրինակ` թիվ 195 դպրոցի աշակերտներից մեկը նշեց, որ սեփական նախաձեռնությամբ գումար կհավաքեն միայն միջոցառումը տեսախցիկով նկարահանելու, ծաղիկների համար, իսկ վերջին զանգի սցենար կգրեն սեփական ուժերով: Բացի այդ, մի փոքր էլ գումար կհավաքեն վերջին զանգին հաջորդող երեկույթի համար, սակայն այն կանցկացնեն ոչ թե ռեստորանում, այլ աշակերտներից մեկի ամառանոցում:
Կենտրոն համայնքի դպրոցներում եւս գումար է հավաքվում, սակայն աշակերտները ի տարբերություն ծայրամասի դպրոցների աշակերտների` իրենց խոսքերում ավելի զգուշավոր էին:
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները չցանկացան գումարի որեւէ չափ ասել,սակայն չժխտեցին, որ գումար հավաքվում է: Ի դեպ, երբ մենք զրուցում էինք աշակերտների հետ, մեր զրույցին միջամտեց ուսուցիչներից մեկն` ասելով, որ
անպայման նշվի, որ բոլոր գումարային ծախսերը ծնողները կատարում են սեփական կամքով ու նախաձեռնությամբ: