Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այս պատերազմից հետո մենք լուրջ խոսակցություն ունենք Վրաստանի հետ․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ մեր հարևան Վրաստանը պետք է գիտակցի, որ այսօր արցախյան պատերազմում միգուցե նաև իր ինքնիշխանության հարցն է որոշվում։ Պատգամավորը դժգոհություն հայտնեց, որ այդ երկիրն, այնուամենայնիվ, թույլ է տալիս, որ իր օդային տարածքով Թուրքիան Ադրբեջանին զենք մատակարարի։ Ա․Բաբաջանյանը միաժամանակ նկատում է, որ Վրաստանը միգուցե չի կարող դա թույլ չտալ, քանի որ չի կարող ընդդիմանալ Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներին։ Չէ որ այդ երկրները խոշոր կապիտալ ունեն Վրաստանի տնտեսության մեջ։

«Բայց այս պատերազմից հետո մենք լուրջ խոսակցություն ունենք Վրաստանի հետ»,- ասում է պատգամավորը։

Ա․Բաբաջանյանը նաև գտնում է, որ նման լայն ծավալների հարձակման, ինչպես նաև Մոսկվայում ձեռք բերված հրադարի պայմանավորվածությունը չպահելու պատճառով ՌԴ-ն այս պատերազմից հետո կվերանայի իր քաղաքականությունը Ադրբեջանի հետ ոչ միայն ռազմաքաղակաքան համատեքստում՝ զենք վաճառել-չվաճառելու առումով, այլև քաղաքական իմաստով։

«Կարծում եմ, այնպիսի հարված է հասցված ՌԴ հեղինակությանն՝ այս պայմանավորվածությունը չպահելով, որ դա չի կարող հետևանք չունենալ»,- ասում է նա։

Պատգամավորի ներկայացմամբ, եթե պատերազմից առաջ ՀՀ-ի և ՌԴ-ի շահերի համընկնումը կարելի էր գնահատել 40-50 տոկոս, պատերազմի առաջին փուլում՝ 60-70 տոկոս, մենք ունենք 100 տոկոսանոց շահերի համադրում։ Եվ կա ընկալում, որ ՀՀ հաղթանակը, ՌԴ շահերի հաղթանակն է։

«Կարծում եմ, ՌԴ-ին հասցրել ենք այն գիտակցության, որ նա դիմի իր զինանոցում առկա բոլոր միջոցներին՝ փրկելու համար իր հեղինակությունը։ Որովհետև դա էապես անդրադառնալու է ոչ միայն նրա գործընկերների, այլև ՌԴ տարածքում կրոնական ու ազգային փոքրամասնությունների՝ կենտրոնական իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա»,- ասում է Ա․Բաբաջանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում