A
A
ԱԱԾ տնօրենին փոխելը պայմանավորված է պատերազմի ժամանակ թիկունքին վերաբերող հարցերով․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ պատերազմական այս իրավիճակում, երբ Ադրբեջանում խուճապ է՝ հայկական բանակի հաղթանակներից ու երեկվա հարձակումից հետո, երբ, ըստ էության, վերականգնվել են նախկին սահմանագծերն ու ոչ միայն՝ թիկունքում խուճապ առաջացնելը դավաճանություն է։ Եվ նման երևույթների առկայությունը նա պայմանավորում է ԱԱԾ-ի ոչ ճիշտ աշխատանքով։
«ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը պայմանավորված է պատերազմական իրավիճակով, առավելապես թիկունքին վերաբերող հարցերով, որովհետև ոչ միայն պաշտոնական աղբյուրները, այլև մարտի դաշտում գտնվող մեր հարազատներն են ասում, որ առաջնագծում ամեն ինչ նորմալ է, բայց, տեսեք, թիկունքում վերջին օրերին ակնհայտ էին որոշակի խլրտումներ, խուճապ տարածելու միտում»,- ասում է Ս․Սաֆարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր կատարել, թե մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, որ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»։
Ավելի վաղ պաշտոնական տեղեկություններ հրապարակվեցին, որ ձերբակալվել են լրտեսության մեջ կասկածվող անձինք, որ նախկին բարձրաստիճան սպան հօգուտ Ադրբեջանի լրտեսություն է իրականացրել։ Ս․Սաֆարյանը կարծում է, որ այս դեպքերն ու Ա․Քարամյանի ազատումը փոխկապակցված են։
«Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, որը հայտնի է դարձել վարչապետին, և որի պատճառով վարչապետը ստիպված է եղել ազատել ԱԱԾ պետին»,- հավելում է նա։
Ստյոպա Սաֆարյանը նաև նկատում է, որ ԱԱԾ-ում այդպես էլ լյուստրացիա տեղի չունեցավ, և նման երևույթների պատճառը նաև դա է։
«Այս ծառայությունն այդպես էլ ուշքի չի գալիս, այս ծառայությունում ռեֆորմներն ուշանում են։ ԱԱԾ-ում լուրջ խնդիրներ ունենք»,- եզրափակեց Ս․Սաֆարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում