Բացել լրահոսը Փակել լրահոսը
1030754
A A
Քաղաքականություն

Նիդերլանդների պալատը բանաձևեր է ընդունել Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչներ տեղափոխելու մասին

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։

Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է արել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։

 

Բանաձևի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդը։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: