Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարությունյան․ Չգիտեմ՝ ՌԴ-ն որքանով է պատրաստ Թուրքիայի ղեկավարության հետ խոսել (տեսանյութ)

Ունենք բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ: Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են  ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,- ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով ` ձախողելու են, որովհետև հայկական կողմն ունի  հերոսական ժողովուրդ և երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը հայրենիքին: Որովհետև ունենք արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ: Որովհետև ունենք հայրենակից, ով, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին»,- ասաց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը:

«Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտեց, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու:

«Հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր իրենց կողմից, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ: Տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել հնարավոր չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են: Հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդավոր դոլարները»,- նշեց նախագահը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ:

«Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին` զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, չգիտեմ` ինչքանո՞վ է պատրաստ ռուսական իշխանությունը` խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը: