Ջավախքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը. Aliq.ge (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՋավախքի բնակչությունը, շարունակելով Վրաստանից պահանջել թույլ տալ օգնություն ուղարկել դեպի ՀՀ, այսօր՝ սեպտեմբերի 29-ին հավաքվել է Կարծախ գյուղում ու փակել վրաց-թուրքական միջպետական սահմանը:
Ալիք Մեդիայի հետ զրույցում հավաքվածներից մեկն ասել է. «Այս սահմանով Թուրքիայից զենք են տեղափոխում Ադրբեջան, այդ պատճառով որոշել ենք փակել այս ճանապարհը: Մենք սրանով պահանջում ենք Վրաստանից՝ բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի մեր կամավորները հնարավոլրություն ունենան դիրքեր գնալու»,- ասել է նա:
Ճանապարհը փակած ջավախքցիների պայմաններից է այն, որ Վրաստանը հարկ եղած դեպքում, առանց ժամանակ կորցնելու բացի սահմանը ու անհրաժեշտ դեղորայքն ու սնունդը Ջավախքից Հայաստան ուղարկվի:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին, Նինոծմինդա քաղաքում տասնյակ երիտասարդներ հավաքվել էին Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու և աջակցության ուղիներ գտնելու համար: Հավաքից հետո ջավախքցիները հավաքվել էին Բավրայի անցակետի մոտ՝ պահանջելով թույլ տալ տեղափոխել սննդամթերքով ու դեղորայքով բեռնված բեռնատար մեքենաներ: Բանակցություններից հետո ջավախքցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել ՀՀ: Եվս 4 բեռնատար մեքենայի, որոնցում անվադողեր էին, չի թույլատրվել անցնել սահմանը․ տեղում բնակիչներին ասել են, որ թույլտվություն կլինի 2 օր անց: