Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մտել է ուժի մեջ․ ո՞վ կինի առաջին պատասխանատուն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 16-ին՝ արտակարգ դրության պայմաններում Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հարակից մոտ մեկուկես տասնյակ նախագծերի հետ միասին:
Սեպտեմբերի 1-ին նշանակվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալը՝ արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանը: Սեպտեմբերի 3-ին նշանակվել են նաև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ, պետի տեղակալ և վարչության երեք ավագ դատախազները: Այսինքն՝ օրենքով նախատեսված պաշտոնների նշանակումներն արդեն արված են, եւ այն ամբողջությամբ մտել է ուժի մեջ։
Հայաստանի անկախության երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցած սեփականաշնորհումների, պետական միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ կասկածները միշտ են եղել: Այդ ընթացքում քաղաքական ընդդիմությունն ու մամուլը միշտ բարձրաձայնել է, որ պետական այս կամ այն օբյեկտը՝ հանքը, գործարանը, հիվանդանոցը, որևէ գերատեսչության, դպրոցի, մանկապարտեզի շենքը, հողը, անգամ անտառը ջրի գնով սեփականացրել է այսինչ բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա կողմից հովանավորվող անձը: Կամ տարատեսակ ծրագրերի ընթացքում պետբյուջեից որքան գումար է գրպանվել, որն էլ գրպանողի կողմից վերածվել է որևէ գույքի, բիզնեսի կամ պահ տրվել բանկերին:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը նախատեսում է ուսումնասիրություն սկսել հիմնականում դրա մասին որոշման կայացմանը նախորդող տասը տարիների գործարքների վերաբերյալ: Բայց եթե ի հայտ են գալիս գույքի ավելի վաղ ապօրինի ձեռք բերման մասին կասկածներ կամ ապացույցներ, ապա օրենքը թույլ է տալիս հասնել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը՝ մինչև անկախության հանրաքվեն։ Օրենքը նախատեսում է ուսումնասիրություն սկսել օպերատիվ տեղեկություն ունենալու դեպքում։ Իսկ օպերատիվ տեղեկության աղբյուրները տարբեր են, այդ թվում՝ արդեն իսկ ներդրված ազդարման ինստիտուտի հնարավորությունը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը թեև այս ամիս ուժի մեջ է մտել, բայց ուսումնասիրություն սկսելու ժամկետն ուժի մեջ կմտնի գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի նշանակման օրվանից՝ տվյալ դեպքում սեպտեմբերի 3-ից վեց ամիս անց։ Այսինքն ուսումնասիրությունները կսկսվեն հաջորդ տարի մարտի 3-ից հետո: Այսինքն հաջորդ տարի գարնանը առնվազն պետք է լինի տեղեկատվություն, որ գլխավոր դատախազությունում Ապօրինի ծագում ունեցող որևէ գույքի բռնագանձման վերաբերյալ ուսումնասիրություն է սկսվել: