Բացել լրահոսը Փակել լրահոսը
A04E570F-162F-422D-8925-1085B8C88A79_w1200_r1
A A
Մշակույթ

«Հայ Ֆեստ»-ը կհյուրընկալվի երևանյան տարբեր թաղամասերի բակերում և բարձրահարկ շենքերի կտուրներում

«Այս ի՞նչ լույսեր են սիրելիս, ի՞նչ երաժշտություն է, դե մի գավաթ սուրճ բեր և վայելենք միասին ներկայացումը»,- ինչպես միշտ իրեն բնորոշ պատկերավոր հումորով «Հայ Ֆեստ»-ի գեղարվեստական ղեկավար Արթուր Ղուկասյանն այսօր ներկայացրեց փառատոնի ծրագրերից մեկը։ 

Այս տարվա աննախադեպ անակնկալն է հյուրընկալվել երևանյան տարբեր թաղամասերի բակերում և բարձրահարկ շենքերի կտուրներում։ 

Նախատեսված են ներկայացում-ցուցադրություններ, որոնք տեսապատկերների միջոցով կարտացոլվեն բնակելի շենքերի պատերին, ինչը և հնարավորություն կտա առանց տանից դուրս գալու, սեփական պատշգամբից հետևել ներկայացմանը։

 «Լինել, սա խնդիր չէ» կարգախոսով, հոկտեմբերի 1-ից 8-ը կանցնի «Հայ Ֆեստ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Կարգախոսը պատահական չի ընտրված։ Փառատոնն անցնում է համավարակի պայմաններում և կանցկացվի նոր ձևաչափով, նոր լուծումներով և հիմնականում առցանց։ Կփոխվի ձևաչափը, մոտեցումը, բայց չի փոխվի նպատակը, ինչը, Արթուր Ղուկասյանի խոսքով, ամենակարևորն է։

Առցանց կցուցադրվեն հինգ բացառիկ ներկայացումներ, որոնց համար ձեռք է բերվել մեկանգամյա ցուցադրության իրավունք։

«Նման ներկայացումները Հայաստան բերելու համար ահռելի գումարներ պետք է ծախսեինք, հիմա ավելի քիչ գումարով ցուցադրության իրավունքը ձեռք բերեցինք»,- ասաց նա։

Կանցկացվի նաև համաժողով՝ «Ժամանակակից թատրոնը նոր մարտահրավերների առջև թեմայով», աշխարհի տարբեր երկրներում գտնվող ճանաչված և հեղինակավոր թատերական փառատոնների տնօրենների, բեմադրիչների, թատերագետների հետ։

Առաջին անգամ փառատոնը կանցկացվի ոչ միայն Երևանում, այլև  Վանաձորում, Գյումրիում և Դիլիջանում։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, համավարակը արտակարգ դրական ազդեցություն է ունենում ստեղծարար մտքի վրա։ 

«Ստեղծարար միտքը չունի խոչընդոտ անգամ համավարակի պայմաններում, և «Հայ Ֆեստ»-ը դրա ապացույցներից է։ Աշխատողն աշխատում է, մինչդեռ անկենդան ուժերը շարունակում են մնալ թմբիրի մեջ»։ 

Այս տարի մեր թատերախմբերն ու թատրոնները չեն մասնակցելու, քանի որ Արթուր Ղուկասյանի խոսքով նոր ներկայացումներ, որոնք հետաքրքիր կլինեին փառատոնի համար, չեն բեմադրվել։ Իհարկե համավարակն իր դերն այս առումով ունի։

Փոխնախարարն այս հարցի շուրջ նշեց, որ «Հայ Ֆեստ»-ը ավելի շատ ներկրող փառատոն է, քան արտահանող։

«Այս տարվա բյուջեն քիչ է, բայց ծախսերն էլ են քիչ։ Հիմնական աջակիցը ԿԳՄՍ նախարարությունն է, նաև Գյոթեի ինստիտուտը և Ռուսաստանի մշակույթի կենտրոնը։ Հովանավոր բիզնեսմեններն այս տարի զգուշավոր են, քանի որ չգիտեն, թե առջևում ինչ անակնկալներ կարող է իրենց «մատուցել» համավարակը»։