Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Դրսևորել քաղաքական կամք և լուծել այս ճգնաժամը». Ոչ վարկային թալանին ակցիան՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

«Ոչ վարկային թալանին», «Վաշխառու վարկային կազմակերպություններին ասում ենք ոչ». այս և այլ կարգախոսներով Կառավարության մոտ այսօր հավաքվել էին Հանուն սոցիալական արդարության կուսակցության անդամները։

Նրանց պահանջն այն է, որ վարկային կազմակերպությունները նվազեցնեն վարկային տոկոսադրույքները. ասումեն՝ երկար ժամանակ է՝ Հայաստանում գործում են վաշխառու վարկային կազմակերպություններ, որոնք իրենց հիմքը դրել են նախկին իշխանությունների ժամանակ։

«Հաշվի առնելով, որ մեր օրենսդրությունը թույլ է տալիս մանևրելու, մենք քաղաքական իշխանությանը կոչ ենք անում դրսևորել քաղաքական կամք և լուծել այս ճգնաժամը»,- «Ա1+»-ի հետ զրուցում նշեց կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանը՝ կոչ անելով վարկային կազմակերպություններից դժգոհ քաղաքացիներին կոնսոլիդացվել և միասին բողոքի ձայն բարձրացնել։

Մեր դիտարկմանը, թե քաղաքացին վարկային կազմակերպություններից օգտվելուց առաջ իրավունք ունի ծանոթանալ նրանց պայմաններին, Ղուկասյանն արձագանքեց, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող, սոված քաղաքացին այս պարագայում դառնում է խոցելի, ուստի վարկային կազմակերպությունները իրենք կարող են ցածր տոկոսադրույքներ առաջարկել։

Կուսակցության անդամները կառավարությունից և ԱԺ-ից պահանջում են խնդրի լուծմանը հասնել օրենսդրական փոփոխությունների ճանապարհով։ Կուսակցության անդամները նամակ հանձնեցին Կառավարությանը, պատրաստվում էին նույնաբովանդակ նամակ հանձնել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։