Մեքենան ընկել է կամրջից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Առափիի կամրջի վրայից շուռ է եկել ՙՄոսկվիչ՚ մակնիշի մեքենա: Մեքենայի մեջ վարորդից բացի եղել է նաեւ վեցամյա տղա երեխա: Մեքենայից նրանց հանել է գյուղի բնակիչներից մեկը:
Ականատեսների վկայությամբ մեքենան սլացել է բավական արագ՝ երեւի չնկատելով կամրջի փլուզված հատվածն ու շուռ եկել: Հիշեցնենք, որ կամրջի գրունտային հատվածը փլուզվել էր դեռեւս մարտի 16-ին՝ Ախուրյան գետի վարարման պատճառով:
Առափեցիները հավաստում էին, որ վթարի ենթարկվածները բավականին վախեցած են եղել:
Նրանք հեռացել են համապատասխան օգնություն ստանալուց հետո: Առափցիների կարծիքով` մեքենան ընթացել է բավականին արագ, քանի որ կարողացել է անցնել փլուզված մասի առջեւ շարված քարերի միջով:
Թե մեքենան ում է պատկանում եւ ով է եղել ղեկին նստած երիտասարդը՝ գյուղացիները չգիտեն, միայն նշեցին, որ մեքենան ունեցել է 45 ՍՕ 538 պետհամարանիշը, եւ վարորդը եղել է Գյումրիից: Դեպքի հետեւանքով վերջինս կորցրել է խոսելու ունակությունը, ինչի պատճառով գյուղացիները ոչ մի մանրամասն չեն իմացել:
Կամրջի փլուզված հատվածում գյուղացիներն իրենց գլխի ճարը տեսել են իրենց ձեւով. փլուզված հատվածը քարերով են փակել եւ իրենց համար աստիճաններ տեղադրելով գետի մյուս ափ անցնելու համար ճանապարհ ստեղծել:
Սակայն անվտանգությունն ապահովելու համար նախատեսված որեւէ ճանապարհային նշան չէին փակցրել, երեւի դա էլ թողնելով համապատասխան մարմիններին:
Գյուղապետ Ալբերտ Այվազյանի հավաստմամբ, իրենք պատրաստվում են կամուրջը վերանորոգել սեփական միջոցներով, արդեն հատկացրել են գումարներ եւ սպասում են բարենպաստ եղանակի:
Նշենք, որ մեր նկարահանման պահին դեպքի վայրում միայն գյուղացիներն էին, չկային ոչ արտակարգ իրավիճակների վարչության եւ ոչ էլ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:
Գյումրիի "Ցայգ" ՀԸ