Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդ երեք ուժերը չեն կարող լուրջ հանրային աջակցություն մոբիլիզացնել. Ռուբեն Ռուբինյանը՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքի մասին (տեսանյութ)

Ղարաբաղյան հարցում մենք չենք ապակառուցողական կողմը, մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ ակնհայտ է՝ որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում, որ կողմն է փորձում տապալել բանակցային գործընթացը.

«Ադրբեջանական կողմի ներկայացուցիչները անում են կատեգորիկ հայտարարություններ ընդհանրապես խաղաղ գործընթացի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը այն է, որ անհնար է առարկայական բանակցություններ վարել այնպիսի պայմաններում, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ, երբ կողմերից մեկը նախապես պայմաններ է դնում, օրինակ՝ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է միայն Ղարաբաղի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա ապակառուցողական, կատեգորիկ հայտարարություն է»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք»-ի նախաձեռնած հանրահավաքին, Ռուբինյանն ասում է՝ չի կարծում, որ հնարավոր կլինի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել.

«Առաջինը՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ, այդ թվում ՝կորոնավիրուսի համաճարակի առաջացրած խնդրիներով, հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան, իսկ եթե նույնիսկ այդպիսի դժգոհություն լինի, այդ երեք ուժերը չէ, որ պետք է հանրությանը մոբիլիզացնեն: Այդ երեք ուժերը չեն կարող և չեն կարողանալու Հայաստանում լուրջ հանրային աջակցություն մոբիլիզացնել, պատճառները պետք է փնտրեն իրենց անցյալում և ներկայում»:

Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան՝ Ռուբինյանը կրկնեց նույն խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միտքը. «Ակնհայտ է, որ «Կոնդիտատ»-ը Վանեցյանը չէ»:

Ռուբինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում, միևնույն ժամանակ հայտարարեց. « Ես չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների վերաբերյալ, տարբեր քրեական գործեր կան»: